Կիրո Մանոյան. «Միայն սահման բացելը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը չի խոչընդոտի Ցեղասպանության ճանաչմանը»

Ռուզաննա Ստեփանյան

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Հայաստանի իշխանությունների ջանքերը չեն կարող վնասել ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես պնդում են ընդդիմության ներկայացուցիչները:

«Հայաստանը, եթե հանկարծ հայտարարի, որ` ես Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվել եմ, այդ ժամանակ Օբաման կարող է այդպիսի բաներ ասել: Միայն սահման բացելը եւ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելը չի խոչընդոտի Ցեղասպանության ճանաչմանը, որովհետեւ Հայաստանը ոչ մի հանձնառություն չի առնում, որ ինքը հրաժարվում է», – լրագրողների հետ հանդիպմանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Մանոյանը:

Նրա փոխանցմամբ, իրենց մտահոգությունն այն է, որ հանկարծ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ընթացքում չհամաձայնեն այնպիսի քայլերի, որոնք հարցականի տակ կդնեն Ցեղասպանության փաստը եւ թույլ կտան Թուրքիային շահարկել դա. – «Հայաստանը չպետք է համաձայնի որեւէ նախաձեռնության, որը կարող է կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը»:

Նրա խոսքով, մտահոգիչ է, օրինակ, այն մոտեցումը, որ «նախագահը հունիսին հայտարարեց Մոսկվայում, որ հանձնաժողով կազմելու համաձայն կարող ենք լինել` պատմաբանների հանձնաժողով»:

Դաշնակցության ղեկավար անդամը չի բացառում, որ Թուրքիան, սեփական տարածաշրջանային շահերը հաշվի առնելով, հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իբրեւ նախապայման դիտարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մանոյանը փաստարկեց, թե թերեւս դա է պատճառը, որ Ադրբեջանում այս կապակցությամբ «լուրջ մտահոգություններ են հնչում»:

«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ինչ-որ տեղ, կարծես թե, փոխվել է Թուրքիայի կեցվածքը», – ասաց նա:

Կիրո Մանոյանի կարծիքով, դեռեւս հարցականի տակ է, թե արդյոք ԱՄՆ-ի նորընտիր նախագահը այս ապրիլի 24-ի իր ուղերձում կգործածի «ցեղասպանություն» բառը:

«Այս ապրիլի 24-ին հնչեցնելը, ես կասեի, որ 50/50 է», – ասաց նա: – «Որովհետեւ կան խնդիրներ, որոնք կարող է նաեւ, իրենց հաշվարկներով, խոչընդոտեն. նույն Իրաքի հետ կապված հարց, նույն Աֆղանստանի հետ կապված հարց…»:

«Ինքը [Օբաման] խոստում չի արել, որ այս ապրիլի 24-ին պիտի անի», – շարունակեց Մանոյանը: – «Ինքը խոստում է արել, որ նախագահ եղած ժամանակ պիտի ճանաչի… Մենք ենք ասում, որ սա առաջին հնարավորությունն է, որ նախագահը ցույց տա, որ ինքը տերն է իր խոստումին»:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»