Հայաստանը պետք է գործի «բացառապես ՍԴ-ի որոշումների շրջանակներում»
Ռուզաննա Ստեփանյան
Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի փոխանցմամբ, Հայաստանը կարող է «ոչ պաշտոնական մեկնաբանություններ» տալ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի այսօրվա հրապարակման, պաշտոնական Անկարան երաշխիքներ է պահանջել Միացյալ Նահանգներից եւ Շվեյցարիայից, որ «Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի արգելի Հայոց ցեղասպանության արգելի փաստի վերաբերյալ քննարկումները»: Ընդ որում, Թուրքիան այս առումով գրավոր պարզաբանումներ է խնդրել Հայաստանից:
Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրավական տեսանկյունից Հայաստանը կարող է տալ նման պարզաբանումներ, պատասխանեց. – «Սահմանադրական դատարանի մասին օրենքում այն դրույթը, ըստ որի Սահմանադրական դատարանի որոշումները չեն կարող մեկնաբանվել, գործնականում սահմանափակ ենք մենք սա ընկալում: Շատերին թվում է, թե ընդհանրապես այդ որոշումների մասին դատողություններ անել անգամ չի կարելի»:
«Խոսքը վերաբերում է պաշտոնական մեկնաբանություններին, որոնք իրավական ուժ կունենան», – շարունակեց նախարարը: – «Իսկ մեկնաբանություններ ոչ պաշտոնական, բնականաբար, կարելի է անել, եւ պետությունը կարող է պարզաբանումներ տալ Սահմանադրական դատարանի որոշման, նրա վերանայման, ընդունենք, ուղիների առնչությամբ: Մանավանդ, գիտեք, որ խնդիրներից մեկը այն է, թե կարելի է արդյոք վերանայել Սահմանադրական դատարանի որոշումը: Նման բան հնարավոր չէ, որովհետեւ հենց Սահմանադրական դատարանի մասին օրենքն է արգելում»:
Գեւորգ Դանիելյանի խոսքով, Սահմանադրական դատարանի որոշման մեջ ամրագրված բոլոր դրույթները իրավական հավասարազոր ուժ ունեն՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որ մասում են ամրագրված՝ եզրափակիչ թե ներակածական:
«Իսկ դա նշանակում է, որ հետագա իրավակիրառ պրակտիկայում, ով որ այս կամ այն կերպ առնչվի այս որոշման կատարմանը, իսկ դա վերաբերում է ոչ միայն Ազգային ժողովին, որը վավերացնելու է, այլեւ հետագա գործընթացներում, ուղղակի պարտավոր կլինի ղեկավարվելու դրանով: Իսկ եթե փոխհարաբերությունների ընթացքում մյուս կողմը ներկայացնի այնպիսի դիրքորոշում, որը կհակասի այս որոշմանը, բնականաբար, մեր կողմը պետք է փորձի ձեռնպահ մնալ այդ հարաբերություններից եւ գործի բացառապես Սահմանադրական դատարանի որոշումների շրջանակներում», – եզրափակեց Արդարադատության նախարարը:
Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը պարզաբանումներ տալու է ՍԴ-ի որոշման կապակցությամբ, ասաց, թե նախարար Նալբանդյանը «հստակ այդ թեմայով անցած ուրբաթ տեղի ունեցած ասուլիսին արտահայտվել է» եւ ինքը դրան «ավելացնելու բան չունի»: