Աննախադեպ քայլ ԱՄՆ Կոնգրեսի կողմից
ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ
ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նոր է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ հանդիպումներ ունենալով ԱՄՆ պաշտոնական և կոնգրեսական շրջանակաների հետ` ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պաշտոնական տեսանկյունից տարբեր մոտեցումը, որն առկա է Դաշնակցության և նրան հարող 14 քաղաքական ուժերի մոտ:
Արմեն Ռուստամյանը հանդիպել է 7` հիմնականում ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ կոնգրեսականների և պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Ֆիլ Գորդոնի, Սպիտակ տան աշխատակից, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամ տիկին Բրիջիթ Բրինքի, Թինա Քեյդենաուի, Ադամ Շիֆի և այլոց հետ: «Շատ հստակ ասացի, որ ԱՄՆ ունի պաշտոնական տեսակետ և դա հրապարակված է: ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն այն է, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում, և եթե այդ սկզբունքն են պաշտպանում որպես միջնորդներ, ուրեմն իրենց պետք է մտահոգի այն իրավիճակը, որն այդ առումով առաջացել է»։
Արմեն Ռուստամյանը առաջ է քաշել նաև միջնորդ երկրների կողմից նախապայմանների բացառումն ապահովող երաշխիքների հարցը: «Եթե խնդիրը հանգելու էր նրան, որ, ի վերջո, պայմանավորելու են Ղարաբաղի հարցի կարգավորումով, ապա բնական հարց է առաջանում` ինչու էր պետք այս ամբողջ գործընթացը` արձանագրությունների ստորագրման, վավերացման հետ կապված. բնական է, որ եթե Ղարաբաղի հարցը լուծվում է՝ սահմանը փակ չէր մնալու և պետք է ենթադրել, որ այդ կարգավորումից հետո կհետևեր մնացած բոլոր խնդիրների լուծումը »,- ասել է Արմեն Ռուստամյանը։
2010 թվականի սկզբին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի կոնգրեսական Ադամ Շիֆի` «Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին» 252-րդ բանաձևը: «Ամենալավ նշանը, որ ԱՄՆ-ի կողմից կարող է արտահայտվել այդ առումով, որ իրենք դեմ են նախապայմաններին, կլիներ այն, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Արմեն Ռուստամյանը, ում կարծիքով սրանով կլուծվի երկու կարևոր հարց: Առաջին` հստակ կդառնա, որ խնդիրը Թուրքիայի դեմ ուղղված խնդիր չէ, սա ուղղակի պահանջ է` դատապարտելու մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործությունը և կանխարգելու նման հանցագործությունների կրկնությունը, որովհետև հենց այդ մակարդակի վրա է գտնվում հարցը», եվ երկրորդ ` օրակարգից չհանելով այս հարցը, Միացյալ Նահանգները ցույց կտա, որ չի ողջունում նախապայմաններով խոսելու լեզուն:
Ըստ Արմեն Ռուստամյանի, ամերիկյան պաշտոնյաներն այս առումով համապատասխան ընկալում են ցուցաբերել, մասնավորպես` կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերգմանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆից ԱՄՆ թուրքական լոբբին պահանջել էր հետ վերցնել 252-րդ բանաձևը` մատնանշելով հայ-թուրքական գործընթացը և փաստարկելով, թե այդ բանաձևով նա խոչընդոտում է այն: Շիֆը պատասխան գրությամբ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներին հայտնել է, որ չի պատրաստվում այն հետ կանչել, քանի որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ։
Արմեն Ռուստամյանն արձանագրեց, որ Հայաստանին և ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու՝ ԱՄՆ Կոնգրեսի ամենամյա բանաձևերից այս տարվանում առաջին անգամ հանված է «մարդասիրական» տերմինը: Ինչը դաշնակցական պատգամավորի խոսքով նշանակում է, այդ աջակցությունը կարող է ավելի լայն օգտագործվելու հնարավորություն ունենա: Նախկինում, օրինակ արգելվում էր այդ գումարներն ուղղել շինարարությանը կամ այլ նպատակների: Այս տարի Հայաստանին և ԼՂՀ-ին տրվող օգնությունը կկազմի 40 միլիոն դոլար, որից 8-ը կհատկացվի ԼՂՀ-ին: