ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տայ որեւէ նախապայմանի դիմաց»

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, որը եռօրեայ այցելութեամբ Թեհրան էր ժամանել, երէկ երեկոյեան Հ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում համախմբւած հայրենակիցների համար դասախօսական ելոյթով հանդէս եկաւ՝ թեմա ունենալով տարածաշրջանի եւ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձութիւնները:

Հ. Մարգարեանը իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ Հայաստանի երկու կարեւոր հիմնահարցերի դիմագրաւմանը՝ մէկը ներքին լարւածութեան եւ միւսը արտաքին յարաբերութիւններին կապւած եւ ներկայացրեց տարածաշրջանի ներկայ քաղաքական իրավիճակը եւ դրա լոյսի ներքոյ դերակատար ուժերի ազդեցութիւնները: Դասախօսը նշեց, որ Խ. Միութեան փլուզումից յետոյ՝ աշխարհում սկսեց տիրել միաբեւեռ համակարգ եւ Արեւմուտքը փորձեց ներթափանցել տարածաշրջան, որը իրականացնում էր տարբեր լծակներով՝ այդ թւում ոչ-պետական կազմակերպութիւններին հրահրելով եւ ֆինանսաւորելով, որոնց դերը տեղի ունեցած գունաւոր յեղափոխութիւնների խնդրում անժխտելի է: Արեւմուտքը փորձեր էր կատարում նմանօրինակ քայլի դիմել նաեւ Հայաստանում՝ օգտագործելով վերջին նախագահական ընտրութիւնները:

Դասախօսը ապա անդրադարձաւ Վրաստանի վերջին իրադարձութիւններին եւ Հայաստանի վրայ թողած ազդեցութիւններին, Հ.Յ.Դ.-ի մասնակցութեանը Հայաստանի կոալիցիոն կառավարութեան մէջ, խօսեց Արցախի հիմնահարցի, Ջաւախքի կացութեան եւ հայ-թրքական յարաբերութիւնների մասին:

Նա հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ նշեց. «Հայ-թրքական սահմանը մինչեւ 1993 թւականը բաց է եղել, իսկ նոյն թւականին փակւելով՝ Թուրքիայի կողմից երեք նախապայմաններ են ներկայացւել վերաբացւելու համար՝ ա) Հայաստանի զօրքերի դուրսբերումը՝ Ղարաբաղից, բ) Միջազգային բեմում Հայոց Ցեղասպանութեան հարցի չհետապնդելը, գ) Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը: Սակայն, Հայաստանի իշխանութիւնները միշտ էլ յայտարարել են, որ առանց նախապայմանի պատրաստ են բացել սահմանը»:

Դասախօսը աւելացրեց. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տայ որեւէ նախապայմանի դիմաց, մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում՝ սերունդների իրաւունքների առումով, մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարութիւն ստանձնի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կամ էլ Ղարաբաղի հարցով, «Մեզ համար անընդունելի է ամէն գնով մաս կազմել Թուրքիայի կողմից առաջարկւած Կովկասեան նախագծին՝ առանց Իրանի, որովհետեւ մենք հաւատում ենք, որ առանց Իրանի՝ նման մի դաշինքի ձեւաւորումը միակողմանի է, հաւասարակշռւած չէ եւ ի վնաս՝ հայկական շահերի»:

Խօսելով Հայաստանի կառավարութեան կոալիցիային Դաշնակցութեան մաս կազմելու մասին՝ ասաց. «Երբ որոշում էինք մաս կազմել, տեսնում էինք հետեւեալ մտահոգութիւնները՝ արտաքին միջամտութեան չափի մեծացումը՝ մեր երկրում, տեսնում էինք, որ արտաքին միջամտութիւնը վտանգում է մեր պետական ինքնիշխանութիւնը, եւ որ այդ միջամտութիւնը ի գին մեր երկրի ինքնիշխանութեան է տեղի ունենում, վտանգւում է մեր երկրի անկախութիւնը եւ մենք այդ պատճառով՝ կոալիցիայի մաս կազմեցինք, եւ ունենք մի սկզբունք՝ քանի դեռ ազդում ենք, այսինքն՝ գործ ունենք անելու, կը մնանք: Երբ չկարողանանք ազդել, թող ոչ ոք չկասկածի, որ մենք այդ կոալիցիայի մէջ կը մնանք: Մենք Հայաստանում երկու հիմնական խնդիր ունենք՝ պետական քաղաքական ուղղւածութիւնը պահել ազգային քաղաքական ուղղւածութեան մէջ, եւ 2-րդ՝ երկրում հաստատել արդարութիւն»:

Նշենք, որ դասախօսութիւնից յետոյ ներկաները հանդէս եկան բազմաթիւ հարցումներով, որոնց սպառիչ բացատրութիւններ տւեց դասախօսը:

Աւելացնենք, որ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հ. Մարգարեանը այսօր առաւօտեան Հայաստան մեկնեց:

«ԱԼԻՔ»