Թուրքիան պատրաստվում է դիվանագիտական նոր գրոհի

Թուրքական մամուլը ընդգծված կարեւորությամբ անդրադարձավ Անկարայում գումարված` թուրք դեսպանների ու դիվանագետների չորսօրյա հավաք-խորհրդակցությանը:

Ամերիկյան քաղաքական բառապաշարն օգտագործելով` թուրքական թերթերը իբրեւ «ուղեղի փոթորկում» (brain-storming) առաջացնելու կոչված նախաձեռնություն գնահատեցին թուրքական իշխանությունների նոր քայլը:

Անշուշտ, քարոզչականորեն հարմար առիթ էր աշխարհում գործող` Թուրքիայի դիվանագիտական մարդուժն ու արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնատարներին համախմբող նման հավաքը, որպեսզի Անկարայի ղեկավարները միջազգային հանրությանը գովազդեին իրենց «բարի» ու «խաղաղասիրական» մտադրությունների մասին:

Այդպես էլ եղավ:

Թուրքական մամուլը օրերով արձագանքեց դիվանագիտական «ուղեղի փոթորկումին», որի գլխավոր առաջադրանքն իբր թե դիվանագիտական այն միջոցների ու եղանակների հայտնագործումն է կամ արդիականացումը, որոնց շնորհիվ Թուրքիան պիտի կարողանա արար աշխարհին համոզել, թե իր պետական քաղաքականության միակ առաջադրանքը «բարիդրացիական» ու «խաղաղասիրական» հարաբերությունների մշակումն է իր բոլոր… հարեւանների հետ:

Ավելորդ է ասել, որ Անկարայի քարոզչական գովազդներին ընդհանրապես չի վերաբերում համապատասխան գործը:

Գործնականում Թուրքիան միշտ էլ հավատարիմ է մնում պատեհապաշտության իր վարքագծին: Մի ձեռքով անվարան փորձում է արյան մեջ խեղդել ամենաարդար դատերն անգամ, իսկ մյուս ձեռքով ձիթենու ճյուղ է ցույց տալիս ողջ աշխարհին` իբրեւ թե փաստելու, որ ինքը միայն խաղաղությանը ծառայող պետություն է:

Այս պարագայում եւս Անկարայի ղեկավարները մի ավելորդ անգամ նույն լարախաղացությունը կիրարկեցին:

Մի կողմից` թուրք դիվանագետների հավաքի օրակարգի գլխավոր կետեր հռչակեցին երեք առաջնահերթություն` ա) Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատում, բ) Կիպրոսի վերամիավորմանն ուղղված բանակցությունների ակտիվացում, գ) Իրաքի իշխանությունների հետ փոխըմբռնման ամրապնդում Հյուսիսային Իրաքի ու քրդական հարցի շուրջ:

Իսկ մյուս կողմից` մազաչափ անգամ չփորձեցին գովազդված իրենց «բարյացակամության» շոշափելի ապացույցներ հրամցնել:

Կիպրոսի վերամիավորման եւ քրդական հարցի վերաբերյալ թուրքական շարունակվող կամակորության մասին արժե առանձին խոսել: Այստեղ ուշագրավ է Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման առնչությամբ Թուրքիայի դիվանագիտական «ուղեղի փոթորկումի» հայտնագործած… ելքը:

Թուրք դիվանագետներն իբրեւ թե մտահոգ են, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ճնշում է բանեցնում Թուրքիայի նախագահի վրա, որպեսզի Աբդուլա Գյուլն ընդունի Հայաստանի նախագահի` Երեւան այցելելու եւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու հրավերը: Ըստ այդմ` գոհունակությամբ հաստատել են, որ Թուրքիայի նախագահը «դրական» է որակել նախագահ Սարգսյանի հրավերը եւ հավելել, որ «կքննի հրավերը»…

Այսինքն` ի՞նչ:

Այսինքն` դիվանագիտական աշխարհի համար այդքան ընկալելի նման քայլ անելու դեպքում անգամ Թուրքիան հետամուտ է շահած դուրս գալ… զիջումների խաղից:

Թուրքիայի դիվանագիտական «ուղեղի փոթորկումը» չի բավարարվում Հայաստանի նախագահի կատարած զիջումով եւ… ավելին է ուզում: Գյուլը չի վարանում հեգնորեն նախ նշել, որ Հայաստանը շատ է տուժում սահմանի փակումից, ապա նկատել տալ, որ Թուրքիան կարող է ընդառաջել ֆուտբոլային հրավերին, եթե Հայաստանը զիջումի իր պատրաստակամության շոշափելի ապացույցները տա:

Պատեհապաշտ ու լարախաղաց իր դիվանագիտությամբ հանրածանոթ Թուրքիան ահա այսպիսի դիվանագիտական գրոհի է պատրաստվում Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Կիպրոսի ու Հյուսիսային Իրաքի դեմ:

Հայաստանը պատրա՞ստ է, պատրաստվո՞ւմ է, արդյոք, թուրքական լարախաղացության նոր արարին:

Ն. ՊԵՐՊԵՐՅԱՆ

«ԵՐԿԻՐ»