Ազգային աքսիոմը…
ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակի» 2008 թ. հուլիսի համարի (7) խմբագրականը
Հայոց Ցեղասպանության վիճարկման հարցը երբեւէ քննարկման առարկա չի դարձրել հայ պետական միտքը ո՛չ անկախ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ողջ ընթացքում:
Վերանկախացման շրջանում միայն, որոշակիորեն` 1995 թ., ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Ցեղասպանության հարցով այլեւս պիտի զբաղվեն պատմաբանները: Այսպիսով, Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ, փաստորեն, ձեւավորվեց պետական մտքի երկու երանգ` ազգայինը եւ ապազգայինը: Վերջինս հիմնավորվում էր նաեւ ռեալ քաղաքականությամբ, օգտապաշտությամբ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը առիթը չէր կորցնում` մյուս մոտեցումը թերարժեւորելու եւ վարկաբեկելու:
Փաստը, սակայն, այն է որ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած ապազգային մոտեցումը ոչ մի դրական ձեռքբերում չունեցավ մեր արտաքին քաղաքականության մեջ եւ միայն լայն ուշադրության առարկա դարձավ Թուրքիայի «փալիսի մեյկեր»-ների համար: Թուրքերը վարպետորեն հղկեցին խնդիրը «պատմաբաններին թողնելու» հհշական մոտեցումը եւ աստիճանաբար իրենց հակահայ քաղաքականության գլխավոր հնարքը դարձրին:
Անհրաժեշտ համարեցինք այս նախաբանը հնչեցնել` ասելու համար, որ այսօր Հայոց Ցեղասպանության նկատմամբ ազգային եւ ապազգային մոտեցումների կիրառումը, ցավոք, քաղաքական կարեւոր չափորոշիչի է վերածվել Հայաստանի ներքաղաքական ժխորում: Ով ուզում է ավելի օգտապաշտ դրսեւորվել, արժանանալ գերտիրական ուժերի ուշադրությանը ու չեզոքացնել հակառակորդին, նա ապազգային ակորդն է սկսում նվագել: Իսկ ով ինքն է եղել ապազգային մոտեցման բուն կրողը, հիմա սկսել է ամբոխավարական խաղեր տալ ազգային գծի շուրջ եւ այդ խաղերը ծառայեցնել զուտ քաղաքական մարտավարությանը:
Այս ցավալի իրականությանը ի տես` ամրագրենք նախ այն, որ Հայոց Ցեղասպանության հարցը մարտավարական հնարք չէ, ոչ էլ ուղերձ, ոչ էլ քաղաքական հեզաճկունության չափանիշ:
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի հայության եւ Հայաստանի համար: Ճանաչումը ոչ միայն մեր ազգային դատի արդար լուծմանը եւ ոտնահարված իրավունքների վերականգնմանն ուղղված քայլ է, այլեւ, այս հանգրվանում, Անկախ Հայաստանի պետականության ամրապնդմանը եւ Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծմանը խթանող համազգային շարժում:
Թուրքիան, շրջափակման ենթարկելով Հայաստանը եւ ապա տեղեկատվական աննախադեպ արշավ սանձազերծելով, փորձում է բանակցային գործընթացներում խեղճացնել Հայաստանի դիվանագիտությունը եւ այդ ճանապարհով ոչ միայն մեզ պարտադրել ընդունելու Արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման տարբերակներ, այլեւ «հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի» պարտադրանքով հետաձգել, ապա նաեւ չեզոքացնել Ցեղասպանության ճանաչմանը միտվող հարցի արծարծումը:
Ռազմավարական այս շարժման մեջ, քանի դեռ դիվանագիտական պատերազմը երկուստեք շարունակվում է նույն թափով, մեր մարտավարական դիրքերում ամենափոքր տեղաշարժը, եթե հատկապես դրանում «մեկ քայլ ետ, երկու քայլ առաջ»-ի նախանշանները չկան, միանշանակ մեզ հանգեցնելու է թուլացման:
Այս իմաստով ՀՀ նախագահի մոսկովյան վերջին հայտարարությունները, որոնք թեեւ մեղմվեցին, ճշգրտվեցին թե՛ իր, թե՛ իր խոսնակի կողմից, մենք գնահատում ենք որպես այդպիսիք, որոնք, ինչ խոսք, սխալ էին ու ըստ ամենայնի` մտահոգող:
Հարցը միջազգային-դիվանագիտական հարթությունից պատմագիտական ոլորտ տեղափոխելու իրենց նկրտումով թուրքերը փորձում են հրաշալի հնարավորություն ձեռք բերել` իրականացնելու առնվազն երեք ռազմավարական նպատակ. նախ` քարոզչական հիստերիայով կասեցնել զանազան պետությունների օրենսդիր շրջանակներում Ցեղասպանությանն առնչվող բանաձեւերի քննարկումը, ապա ՀՀ քաղաքացիների մեջ ստեղծել անվստահություն եւ հակակրանք սեփական իշխանությունների նկատմամբ, եւ, վերջապես` սեպ խրել ՀՀ արտաքին քաղաքականության ու Սփյուռքի քաղաքական-լոբբիստական գործունեության միջեւ:
Ինչպես մեզ հայտնի է «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» տխուր փորձից, մեր հարեւանի քաղաքական այդ կուրսում ակներեւ են Թուրքիայի թշնամական մտադրությունները: Անշուշտ, մենք կողմ ենք հայ եւ թուրք ժողովուրդների բարիդրացիության մթնոլորտի ստեղծմանը, սակայն սկզբունքորեն չենք հավատում, որ այդ մթնոլորտի ձեւավորման ճշմարիտ ուղին անցնում է «հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովին»:
Ավելացնենք նաեւ, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ժամանակին տված պատասխանի առիթով թուրքերը հետեւողականորեն շարունակում են լռել ու ձեւացնել, թե ոչ մի պատասխան դեռ չեն ստացել: Մեր համոզմամբ, անտեսման այս կեցվածքի հետեւում լուրջ հաշվարկներ են թաքնված:
Ընդգծենք եւս մի նշանակալից հանգամանք. դեռ «ոչ մի բան չեղած»` թուրքերն անմիջապես սկսում են իրենց «Սեւրի սինդրոմով» հունից դուրս գալ եւ հապճեպ առաջ են մղում Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը: Այստեղից երեւում է նրանց` «հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի» կուրսի զուտ մարտավարական նշանակությունը, ինչն էլ, ինչպես նշվեց, երկու հարեւանների փոխհարաբերությունների բարելավման համար վստահություն չի կարող ներշնչել:
Հայոց Ցեղասպանության իրողությունը վիճարկելի չէ: Հետեւաբար, ոչ մի հայ, առավել եւս` պետական պատասխանատու անձ, իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի մասնակցել որեւէ գործընթացի, որի նպատակն է Հայոց Ցեղասպանության` այդ պարզ ու միակ ճշմարտության վիճարկումը:
Սա ազգային աքսիոմ է: