Տարածաշրջանում կայունություն կհաստատվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, ասել է Սերժ Սարգսյանը
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Նախագահի նստավայրում Հայաստանի ու Լստվիայի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության, տնտեսական, արդյունաբերական, գիտական, ահաբեկչության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին, որից հետո Հայաստանի ու Լատվիայի նախագահները ողջունեցին համագործակցության շրջանակներն ընդլայնող համաձայնագրերի ստորագրումը:
Նախագահ Վալդիս Զատլերսը կարեւորեց Երեւանաում վաղը կայանալիք հայ-լատվիական համատեղ բիզնես համաժողովի անցկացումը: Այն համագործակցության նոր հնարավորություններ կտա: Լավտիայի նախագահն ասաց, թե աջակցում են ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրագործմանը, որը ազատ առեւտի գոտիների ստեղծման ու մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման հնարավորություն կընձեռի ծրագրում ընդգրկված երկրներին:
Պատասխանելով լրագրողների հարցերին Վալդիս Զատլերսն ասաց, թե հայ-թուրքականն հարաբերությունների կարգավորման հասնելու համար բարի կամք է պետք: Արձանագրությունների ստորագրումը մեծ քայլ էր եւ դրական ազդակ նաեւ գլոբալ հարցերի լուծման համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ հստակ ասաց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կամ ձախողումը կվերագրվի կողմերին: Շատ կարեւոր է, որ Թուրքիան հասկանա, որ տարածաշրջանում կայունություն կհաստատվի, երբ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, ասաց նախագահ Սարգսյանը:
«Հայաստանի հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարելու իր միջազգային պարտավորությունները` այն է վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, նույնը ակնկալում ենք նաեւ Թուրքիայից: Ես նաեւ հայտարարել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից, եւ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք նախապատրաստեն լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որը առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն»:
Ղարաբաղի հարցի շաղկապումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը կտանի ձախողման, զգուշացրեց նախագահ Սերժ Սարգսյանը ու հավելեց. «Արձանագրությունները իմ կողմից ուղարկվել են ՍԴ եւ քննարկումը տեղի կունենա եկող տարվա հունվարի 12-ին»:
«Բոլորը պետք է հասկականան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան ավելանում են խոչընդոտները: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտվել»:
ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված են ՀՀ նախագահի արտասանած խոսքը եւ լրագրողների հարցերին պատասխանները. տալիս ենք համապատասխան բաժինները։
«Լատվիացի իմ գործընկերոջ հետ մենք քննարկել ենք նաեւ տարածշրջանային հակամարտությունների հետ կապված հարցեր եւ համատեղ հանգել ենք այն կարծիքին, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան: Հայաստանը շնորհակալ է Լատվիային Լեռնային Ղարաբաղի խնդրում մեր դիրքորոշմանն ըմբռնումով մոտենալու եւ այդ հարցին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար:
«Ես տեղեկացրի Լատվիայի Նախագահին հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի մասին: Ես նշեցի, որ հայկական կողմը պատրաստակամ է միջազգային մեր պարտավորություններին համապատասխան, առանց Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման նախապայմանի եւ խելամիտ ժամկետներում վավերացնել ու իրագործել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները: Մենք հուսով ենք, որ թուրքական կողմը եւս կօգտագործի այս պատմական հնարավորությունը եւ կասկածի տակ չի դնի վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր անցած երկար ու բարդ ուղին»:
“Արմենիա” հեռուստաընկերություն- Պարոն Նախագահ, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում կարգավորմանը: Սպասումներ կային, որ Միացյալ Նահանգների Նախագահը, վարչակազմը կազդեն Թուրքիայի վարչապետի վրա ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում: Արդյո՞ք կային նման սպասումներ, եւ ի՞նչ ունենք այսօր: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարչապետի Վաշինգտոնում արած հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու վերաբերյալ:
Նախագահ Սարգսյան – Հայաստանը երախտապարտ է բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքական եւ պետական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք անցնել այս ճանապարհը: Միեւնույն ժամանակ, այս գործընթացի արդյունավետությունը կամ ձախողումը ամբողջովին պետք է վերագրվի Հայաստանին եւ Թուրքիային: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը` կապված հայ-թուրքական հարաբերությունների, հայկական հարցի հետ: Նա իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է ե՛ւ հրապարակավ, ե՛ւ անձնական շփումների ընթացքում: Թուրքիայի` Ցեղասպանությունը ճանաչելու, իր պատմությանն անաչառ նայելու անհրաժեշտության մասին ԱՄՆ Նախագահն ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում: Իհարկե, չափազանց կարեւոր է, որպեսզի Թուրքիան հասկանա, որ Կովկասում խաղաղություն ու անվտանգություն կհաստատվի միայն այն պարագայում, երբ որ կարգավորվեն նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:
Մենք միանշանակ դատապարտված ենք համարում Թուրքիայի կողմից արվող փորձերը: Այդ փորձերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ Թուրքիայի նպատակն է հայ-թուրքական հարաբերությունները փոխշաղկապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները եւ նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Բայց հիշում եք` ես նաեւ ասել եմ, որ եթե Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանն անպայման կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից: Եւ հիմա էլ հայտարարում եմ, որ ես հանձնարարել եմ համապատասխան պետական մարմիններին` նախապատրաստելու լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որն առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելուն:
Մեկ անգամ եւս հայտարարում եմ` Հայաստանը պատրաստ է պատշաճորեն կատարել իր միջազգային պարտավորությունները: Դուք գիտեք, որ արձանագրություններն իմ կողմից ուղարկվել են Սահմանադրական դատարան, եւ որ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին որոշում է կայացնելու: Այսինքն, մենք գործընթացը շարունակում ենք: Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ ինչքան ձգձգվում է վավերացման գործընթացը, այնքան խոչընդոտներ են ավելանում: Քաղաքական իրադարձությունները հետագայում կարող են խոչընդոտ լինել: