Թուրքական «Սապահ»ը եւ հայկական պնդումները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՎԵՑ ՇԱԲԱԹ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԷԻՆ, ԹԷ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱՆ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 12 Հոկտեմբեր 2009

Հայաստանի իշխանութիւնները` նախագահ Սերժ Սարգսեանից սկսած եւ վերջացրած նրան սատարող կառավարական քոալիսիոնը («Հանրապետական», «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնները), մտաւորականը, փորձագէտը կամ վերլուծաբանը, միշտ յորդորում են հաւատալ ոչ թէ Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլին, վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանին կամ մի ինչ-որ թուրքական թերթի, այլ Հայաստանի իշխանութիւնների ասածներին:

TatulHakobyanՀիմա, երբ արդէն վեց շաբաթ է, որ յայտնի են հայ-թուրքական նախաստորագրուած երկու արձանագրութիւնների բովանդակութիւնը, ուզում ենք յիշեցնել, թէ դրանց մասին ինչ էր գրել թուրքական «Սապահ» թերթը իր ապրիլեան համարներից մէկում, եւ ինչպէս էին ոտ ու ձեռ ընկած այդ հրապարակման ճշմարտութիւնը հերքում յատկապէս հայ դիւանագէտները: Այն օրերին` հեգնանքով, բայց նաեւ` հայրենասիրական պաթոսով, նրանք հարցնում էին` «Լա՛ւ, մե՞զ էք հաւատում, թէ՞ մի ինչ-որ «Սապահի»:

Իրականութեան մէջ հայ ժողովուրդը, բնականաբար, պիտի հաւատայ Հայաստանի իշխանութիւններին: Սակայն հայ-թուրքական երկու փաստաթղթերի դէպքում, Հայաստանի իշխանութիւններն ու նրանց քարոզչամիջոցները վեց շաբաթ շարունակ փորձում էին համոզել, որ այդ փաստաթղթերում ոչ մի նախապայման չկայ:

Ապրիլի 22-23-ին, երբ պաշտօնական լուր տարածուեց «ճանապարհային քարտէսի» մասին, թուրքական «Սապահ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարութեան իր աղբիւրը, առաջինը հրապարակեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնեցուած «ճանապարհային քարտէսը»` թէ որոշակիօրէն ինչ քայլեր են անելու կողմերը յարաբերութիւնները կարգաւորելու համար:

«Սապահը» գրել էր, որ «ճանապարհային քարտէսը» բաղկացած է հինգ կէտից.

1.- Հայաստանը ճանաչում է Հայաստանի, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքուած Կարսի պայմանագիրը,

2.- պատմաբանների համատեղ յանձնաժողով է ստեղծւում` ուսումնասիրելու համար Ցեղասպանութեան մեղադրանքները, յանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրներ,

3.- բացւում է սահմանը, համապատասխան համաձայնագրեր են ստորագրւում առեւտուր սկսելու համար,

4.- երկու կողմերը Վրաստանում իրենց դեսպաններին հաւատարմագրում են Անգարայում եւ Երեւանում, ինչից յետոյ կը ստեղծուեն դիւանագիտական ուղղակի յարաբերութիւններ,

5.- «ճանապարհային քարտէսի» համաձայնագրերը, որոնք օրէնսդիր մարմնի հաստատման կարիք ունեն, քննարկման կը դրուեն խորհրդարանում:

Այսպիսով, «Սապահը» բիւրեղացուած կերպով ներկայացրել էր արդէն այսօր հրապարակուած երկու արձանագրութիւնների բովանդակութիւնը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնեան «Սապահ»-ին ասել էր, թէ Ղարաբաղին առնչուող կէտ «ճանապարհային քարտէսում» ընդգրկուած չէ: Այնուամենայնիւ, նա նշել է, թէ Ղարաբաղի հարցը «տէ ֆաքթօ» առնչուելու է «ճանապարհային քարտէսին»` այն իմաստով, որ Ղարաբաղի խնդրի լուծման ու հայ – թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու քայլերը արուեն զուգահեռ:

Հիմա, յարգարժա՛ն հայրենակիցներ, եթէ ուզում էք չափել Հայաստանի իշխանութիւնների` իրենց ժողովրդին ասածների ճշմարտութեան չափը, վերցրէք նախաստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները եւ դրա բիւրեղացուած բովանդակութիւնը համեմատէք «Սապահ»ի դեռ ապրիլին գրածի հետ:

Նրանք, ովքեր շարունակում են սեփական ժողովրդին կերակրել կեղծիքներով եւ ապատեղեկատուութեամբ, նրանք, ովքեր անգամ պատրաստ են իրենց անցեալների գերեզմանով երդուել, թէ նախաստորագրուած փաստաթղթերում չկան նախապայմաններ, նրանք, ովքեր զբաղւում են պարզունակ եւ անտանելի ամբոխավարութեամբ, կարող են հասկանալ, որ թուրքական թերթը գրեթէ աստղաբաշխական ճշգրտութեամբ հրապարակել էր երկու արձանագրութիւնների սեղմ բովանդակութիւնը:

«Հայաստանը ճանաչում է Հայաստանի, ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքուած Կարսի պայմանագիրը», գրել էր թուրքական թերթը: Իսկ հիմա բացէք նախաստորագրուած արձանագրութիւնները եւ տեսէք, թէ ինչ է գրուած. «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանուած միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրով…»:

Պա՞րզ է: Շարունակե՛նք:

«Պատմաբանների համատեղ յանձնաժողով է ստեղծւում` ուսումնասիրելու համար Ցեղասպանութեան մեղադրանքները, յանձնաժողովին կարող են միանալ նաեւ երրորդ երկրներ», գրել էր թուրքական թերթը: Իսկ հիմա նորից բացէք նախաստորագրուած արձանագրութիւնները եւ տեսէք, թէ ինչ է գրուած. «Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն , այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների գիտական, անկողմնակալ ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:

Պա՞րզ է: Շարունակե՛նք:

«Ճանապարհային քարտէս»ի համաձայնագրերը, որոնք օրէնսդիր մարմինի հաստատման կարիք ունեն, քննարկման կը դրուեն խորհրդարանում», գրել էր թուրքական թերթը:

Իսկ հիմա տեսէք, թէ ինչ է գրուած Զուիցերիայի, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների համատեղ մամլոյ հաղորդագրութիւնում, որը նոյնպէս հրապարակուել է օգոստոսի 31-ին. «Յիշեալ երկու արձանագրութիւնները սահմանում են խելամիտ ժամկէտում երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցութիւնները կ՛աւարտուեն վեց շաբաթուայ ընթացքում, որից յետոյ երկու արձանագրութիւնները կը ստորագրուեն եւ կը ներկայացուեն համապատասխան խորհրդարաններին` վաւերացման համար»:

Պա՞րզ է:

Բայց ամենաուշագրաւը «Սապահ»ի տեղեկատուութեան այն հատուածն էր, որը վերաբերում էր Ղարաբաղին: «Ղարաբաղին առնչուող կէտ «ճանապարհային քարտէսում» ընդգրկուած չէ: Այնուամենայնիւ, Ղարաբաղի հարցը «տէ ֆաքթօ» առնչուելու է «ճանապարհային քարտէսին» այն իմաստով, որ Ղարաբաղի խնդրի լուծման ու հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու քայլերը արուեն զուգահեռ»:

Հիմա, ասացէք խնդրեմ, հաւատանք թուրքական թերթի՞ն, թէ՞ եզի տակ հորթ չտեսնող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանին:

Աւելի ազնիւ չէ՞ր լինի ընդունել, որ իրօք, փաստաթղթերում կան նախապայմաններ: Ես, օրինակ, երբեք չեմ ակնկալել, որ հայ-թուրքական որեւէ փաստաթուղթ կարող է լինել ընդունելի Հայաստանի համար գոնէ այն պատճառով, որ Թուրքիան իր տարածքով, բնակչութեամբ, բանակով, աշխարհագրական դիրքով Միացեալ Նահանգների, Եւրոպայի եւ Ռուսաստանի համար շատ աւելի կարեւոր է, քան Հայաստանը: Բայց շատ վիրաւորական էր, երբ Հայաստանի իշխանութիւնները ամբողջ աշխարհի հայերին փորձում էին համոզել, որ փաստաթղթերում նախապայմաններ չկան:

Յատկապէս սփիւռքի մեր հայրենակիցներին մտահոգում է ենթայանձնաժողովներից մէկի ստեղծումը, որը պիտի ուսումնասիրի պատմական հարցերը: Ապտիւլլա Կիւլը օրերս օտարերկրացի գիտնականներին կոչ է արել ընդգրկուել հայ- թուրքական նախաստորագրուած արձանագրութիւններով նախատեսուած` պատմական հարթութեամբ զբաղուող ենթայանձնաժողովում:

«Ամէն տեսակի պնդումներ կան մէկ հարիւրամեակ առաջ տեղի ունեցածի վերաբերեալ: Պարզ է, որ մարդիկ, ովքեր չգիտեն` ինչ է տեղի ունեցել, որտեղ եւ ինչպէս, չեն կարող որոշումներ ընդունել այդ հարցով»,- «Ֆրանսփրես» գործակալութեանը ասել է Կիւլը` յաւելելով:- «Մենք յոյս ունենք, որ պատմաբանները, արխիւագէտները կ՛ուսումնասիրեն այդ խնդիրը, իսկ մենք պատրաստ ենք ընդունել յանձնաժողովի եզրակացութիւնները»: «Ցոյց տալու համար, որ անկեղծ ենք, մենք նոյնիսկ ասել ենք, որ եթէ որեւէ երկիր հետաքրքրուած է այս հարցով, եթէ ֆրանսացի պատմաբանները, օրինակ, ցանկանում են մասնակցել այդ յանձնաժողովին, նրանց մասնակցութիւնը կ՛ողջունուի», վստահեցրել է Թուրքիայի նախագահը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը վերջերս «The Armenian Reoprter» թերթին տուած հարցազրոյցում անդրադառնալով պատմական հարթութեամբ զբաղուող ենթայանձնաժողովի թեմային` ասել էր. «Կ՛ուզենայի յատուկ շեշտել, որ խօսքը չի վերաբերում պատմաբանների յանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արուել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական յանձնաժողովի մի ենթայանձնաժողով է, որի վերաբերեալ հակաառաջարկը ժամանակին արուել է հայկական կողմից: Ենթայանձնաժողովի նպատակն է երկու կողմերի միջեւ պատմական հարթութեան շուրջ երկխօսութիւն ծաւալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահութեան վերականգնումը: Սա երկարատեւ գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ հայկական ժառանգութեան խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանութեան զոհերի ժառանգների խնդիրը: Հնարաւոր չէ յարաբերութիւններ հաստատել որեւէ երկրի հետ` առանց երկխօսելու կողմերին յուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմութեան ուսումնասիրութիւնից պէտք է վախենայ պատմութիւն կեղծողը: Ստեղծուելիք յանձնաժողովի եւ դրա ենթայանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգութիւն ունեն, պէտք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչները երբեք թոյլ չեն տայ օրակարգում հարցերի այնպիսի ձեւակերպումներ, որոնք վիրաւորական կարող են լինել հայ ժողովրդի համար»:

Այս տարուայ ապրիլի 23-ին ամերիկեան «The Wall Street Journal» թերթի հետ զրոյցում լրագրողի հարցումին, թէ «Ցեղասպանութիւնն ընդունելի հարց է քննարկելու համար», պատասխանել էր. «Գիտէք, մենք չենք կարող թուրքերին արգելել բարձրացնելու այս կամ այն հարցը յանձնաժողովներից որեւէ մէկում, այնպէս, ինչպէս իրենք մեզ չեն կարող սահմանափակել որեւէ հարց բարձրացնել: Մի բան ակնյայտ է, որ մեզ համար Ցեղասպանութեան փաստը կասկած չի յարուցում»:

Աւելի քան 17 տարի թուրքական նախապայմանները մերժելուց յետոյ` Հայաստանի գործող իշխանութիւնները ընդունեցին թուրքական խաղի կանոնները, թէեւ այսպէս կոչուած «ֆութպոլային դիւանագիտութեան» նախաձեռնողը հէնց հայկական կողմն էր:

Տեսնենք, թէ ինչպէ՛ս են թուրքերի հետ ֆութպոլ խաղալու հայերը: Առաջին հանդիպումը, որին ներկայ էին Կիւլն ու Սարգսեանը, աւարտուեց Թուրքիայի հաւաքականի յաղթանակով: Ես մեկնում եմ Պուրսա` դիտելու պատասխան հանդիպումը: Ես մեկնում եմ փակ սահմաններով:

Յատուկ «Ազդակ»ի համար

Երեւան