Թուրքիան պատճառ չունի չվավերացնելու արձանագրությունները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավորներն արդեն իսկ հայտարարել են, որ հայ-թուրքական երկու արձանագրությունները հայկական կողմը կվավերացնի միայն այն բանից հետո, երբ այն նախ և առաջ վավերացնի Թուրքիայի խորհրդարանը: Սա անտրամաբանական կեցվածք է: Եթե իրոք հայկական կողմը կարծում է, որ ստորագրված երկու արձանագրությունները բխում են Հայաստանի շահերից, ինչպես արդեն երկու ամիս անդադար համոզում են երկրի իշխանություններն ու նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, ապա Հայաստանի խորհրդարանը անհապաղ պետք է դրանք վավերացնի` չսպասելով թուրքական խորհրդարանին:

TatulHakobyan

Եթե իրավամբ այդ երկու արձանագրությունները բխում են Հայաստանի պետական, ազգային շահերից, ապա անիմաստ ու անտրամաբանական է գործընթացը ձգձգել, սառեցնել: Արձանագրությունները պետք է հնարավոր կարճ ժամկետում տանել խորհրդարան և դնել վավերացման և անմիջապես նույնը ակնկալել Թուրքիայից: Ավելին, օգտագործելով միջազգային ուժերի տրամադրությունները, Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի, որ ինքը ահա վավերացրել է արձանագրությունները և նույնն ակնկալում է Թուրքիայից:

Սակայն Հայաստանի խորհրդարանի իշխանական հատվածը, այսինքն` մեծամասնությունը, չի շտապում երկու արձանագրությունները վավերացնելու հարցում, քանի որ հասկանում է, որ դրանք, մեղմ ասած, չեն բխում Հայաստանի պետական, ազգային շահերից, որքան էլ հակառակը պնդեն: Բացի այդ, Հայաստանը չի կարող վստահ լինել, որ Թուրքիան կվավերացնի այդ արձանագրությունները կամ դրանցից մեկը:

Միանշանաշնակ պնդել, թե Հայաստանն ու Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ և 16 տարվա շրջափակումից հետո Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, դեռ վաղ է: Ճիշտ է, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին երկու արձանագրություններ, սակայն այդ երկու փաստաթղթերը դեռևս օրենքի ուժ չունեն, քանի դեռ չեն վավերացվել երկու երկրների խորհրդարաններում: Ցյուրիխում երեքժամյա ուշացումով և ամերիկացների ջանքերով փրկված ստորագրման արարողությունը ցույց է տալիս, թե որքան խորն է անվստահությունը երկու երկրների միջև:

Թուրքիայի խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը կառավարող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության օգտին է, այսինքն` եթե թուրքական իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու մասին, ապա խորհրդարանը պիտի առանց դժվարության վավերացնի երկու արձանագրությունները:
Մինչդեռ թուրք բարձրաստիճան պետական գործիչները, այդ թվում երկրի նախագահն ու վարչապետը, բազմիցս հայտարարել են, որ երկրի խորհրդարանը անկախ մարմին է, պատգամավորներից ամեն մեկը ինքն է որոշում, թե ինչպես քվեարկել: Վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը վերջին մեկ տարվա ընթացքում մոտ 20 անգամ հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի և չի բացի սահմանը, քանի դեռ «հայկական ուժերը վերջ չեն տվել ադրբեջանական հողերի օկուպացիային»:

Թուրքիան 1993 թվականի ապրիլից` ի համերաշխություն Ադրբեջանի, փակել է Հայաստանի հետ սահմանը և հայտարարել, որ չի վերացնի շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Երևանի հետ, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը: Ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններում, բնականաբար, Ղարաբաղի մասին բառ անգամ չկա (եթե լիներ, ապա դա արդեն ծաղրանք կլիներ), սակայն բոլորը հասկանում են, որ Թուրքիան տեղի չի տա, քանի դեռ ղարաբաղյան կարգավորման հարցում չկա նկատելի առաջընթաց: Փարիզում սեպտեմբերի վերջերին ֆրանսիացի մի բարձրաստիճան դիվանագետ, ով ներգրավված է կովկասյան հարցերում, մեզ հետ զրույցում բառացիորեն ասաց. «Ղարաբաղյան կարգավորման հարցում փակուղին նշանակում է փակուղի հայ-թուրքական հարաբերություններում»:

Այսպիսով` Թուրքիայի խորհրդարանը կարող է ամիսներով և տարիներով քննարկել երկու արձանագրությունները, բայց դրանք չվավերացնել, քանի դեռ առաջընթաց չկա Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մյուս կողմից, սակայն, Թուրքիան պետք է շահագրգռված լինի այդ արձանագրությունները վավերացնելու հարցում, քանի որ դրանք, մեծ հաշվով չեն հակասում թուրքական շահերին, պաշտոնական Անկարայի` «զրո պրոբլեմներ բոլոր հարևանների հետ» քաղաքականությանն ու այդ երկրի եվրոպական ձգտումներին:

Հիմա, երբ արդեն երկու ֆուտբոլային հանդիպումներն էլ կայացել են` Հայաստանին և նրա նախագահ Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում է ընդունելու Թուրքիայի խորհրդարանը: Այսինքն, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Երևանը պետք է դիտորդի դեր ստանձնի: Իսկ դիտորդը, ինչպես հայտնի է, կարող է միայն կարծիք հայտնել, հայտարարություն անել, դատապարտել, բայց ոչ երբեք` ազդել գործընթացի վրա:

Report.am