Հայաստանը սեփական մոտեցում չունի՞

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ի տարբերություն Հայաստանի խորհրդարանի սպասողական վիճակի, Թուրքիայի խորհրդարանը նախաձեռնող է եւ արդեն ծրագրել է, թե երբ ինչ անի:

LarisaAlaverdyanՆոյեմբերի 17-ին «Արցախ» մամուլի ակումբում պատասխանելով հարցին, թե` արդյոք Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունները, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ իրեն ոչ այնքան հուզում է Թուրքիայի` երբ կամ ինչ անելը, որքան Հայաստանի` սեփական մոտեցում չունենալը:

Ընդդիմադիր պատգամավորը Թուրքիայի համար շահեկան է համարում հայաստանյան գործիչների այն հայտարարությունները, ըստ որոնց` իրենք կվավերացնեն արձանագրություները, եթե Թուրքիան վավերացնի: Սա փաստում է, թե «այդ չարաբաստիկ գնդակին ով է տիրապետում, եւ ում է ենթարկվում այդ գնդակը»:

Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին` «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի հարցի կարգավորումը դանդաղ է ընթանում, եւ չի կարելի ակնկալել, թե շուտով կլուծվի: Նա փաստում է, որ Ադրբեջանը զիջման գնալու պատրաստակամություն չի հայտնել, այնինչ Հայաստանի իշխանությունները միշտ պատրաստ են անհարկի զիջումների: «Սա ոչ թե փոխզիջումային, այլ նահանջողական քաղաքականություն է»,- նշեց նա` զարմանալի համարելով, որ Ղարաբաղի ժողովրդի երկու հանրաքվեները անտեսվում են ՀՀ իշխանությունների կողմից:

Պատգամավորը նկատում է, որ ազատագրված տարածքների վերաբնակեցման քաղաքականություն մեր իշխանությունը չի վարում: Արդյունքում 18.5 հազար վերաբնակներից այսօր այդ տարածքներում մնացել են երեք անգամ քիչ մարդիկ: Վերաբնակների թվի կրճատմանը նպաստում են տարածքների հանձնման մասին խոսակցությունները, ստեղծվում է տպավորություն, որ եթե տարածքները չեն վերաբնակեցվում, ուրեմն նախապատրաստվում են դրանց հանձմանը:

Բանախոսը չշրջանցեց ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Առաջին նախագահի «ճկուն միտքը եւ ճկուն պահվածքը» գնահատող Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ «մերժողական բախումնային սցենարները» կարծես փոխվել են: Ըստ նրա` ՀԱԿ քաղաքականությունը որոշ դրույթներում համընկնում է իշխանությունների մոտեցումներին, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական մերձեցման առումով: Լ. Ալավերդյանը եզրակացնում է. «Դաշտը վերաձեւավորվել է: Այսօր ընդդիմությունն ավելի քիչ միահամուռ է, քանի մեկ տարի առաջ էր»:

Համաձայն չլինելով հայ թուրքական հարաբերություններին «ոչ» ասող` պահանջատեր ուժերին ԼՏՊ-ի քննադատական գնահատականներին` Լ. Ալավերդյանը նշեց. «Կան շատ պետություններ, որոնք իրար հանդեպ պահանջներ ունեն. համաձայն չեմ առաջին նախագահի հետ, որ պատմական իրավունք գոյություն չունի: Բոլոր ձեւերը, որոնք այսօր օգտագործվում են, պետք է արդյունավետ օգտագործվեն, ոչ թե մերժվեն: Չի կարելի միայն մի բանի վրա հենվել»:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀԱԿ առաջնորդի ասածները, ըստ պատգամավորի, հակասում են իրավական փաթեթի վրա հիմնված պատկերացումներին: «Մասնավորապես` երբ խոսում է խաղաղարար ուժերի մասին: Ես դա խառնարար ուժեր եմ համարել, որովհետեւ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ այդպիսի ուժերն ուղղակի արյուն են բերել այն տարածքների վրա, որտեղ եղել են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵՐԿԻՐ»