«Խելամիտ ժամկետ»-ի առեղծվածը

HKarapetyanԵրեւան (Երկիր) – ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի գնահատմամբ՝ այս օրերին կարծես քարոզչական պատերազմի փուլում ենք, երբ Արցախի վերաբերյալ հավակնոտ ելույթներ են հնչում Թուրքիայի կողմից: Դրանք հայաստանյան քաղաքական գործիչների մի մասը համարում են ներքին օգտագործմանն ուղղված հայտարարություններ, մի մասն էլ որակում են որպես ճնշում, որովհետեւ այժմ ավելի, քան երբեւէ նկատվում է Թուրքիայի ակտիվությունը, այն աստիճանի, որ նա անգամ մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին:

Նոյեմբերի 18-ին ԱԺ-ում խոսելով այս մասին` Հրայր Կարապետյանը հետեւյալ հարցն ուղղեց ուղղեց ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին. «Ի՞նչ է պատրաստվում անել մեր արտաքին գործոց գերատեսչությունը, ինչքա՞ն է տեւելու «խելամիտ ժամկետ» ասածը, ինչպիսի՞ նախաձեռնությունների մենք պետք է դիմենք հատկապես այն իրավիճակում, երբ Հայաստանում եւս սկսել են գաղափարական հիմքեր պատրաստել` մերժելու Արցախի պահանջատիրությունը, Հայ Դատը»: Այն քաղաքական գործիչները, որոնք իրենց համարում են արմատական ընդդիմության ղեկավարներ, Հ. Կարապետյանի կարծիքով` ռեւանշիստական ուժերի առաջնորդներ են, որոնք այսօր հիմքեր են պատրաստում վաղը Արցախի պահանաջատիրության հարցում զիջումների համար: «Սա ես համարում եմ վտանգավոր դիրքորոշում եւ ուզում եմ լսել կառավարության դիրքորոշումը»,- նշեց նա:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցադրմանը` եւս մեկ անգամ նշեց, թե Մինսկի խմբի չորրորդ համանախագահ դառնալու Թուրքիայի ձգտումներն անիրականանալի են, եւ որ հայ-թուրքական հարաբերություններին կապված չէ Ղարաբաղի հիմնախնդիրը: Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի պարտվողականության մասին խոսք լինել չի կարող, քանի որ, ըստ նրա, մենք Թուրքիայի հետ խոսում ենք ինչպես հավասարը հավասարի հետ:

Ինչ վերաբերում է «խելամիտ ժամկետ»-ին, ըստ Նալբանդյանի, որեւէ տեղ ֆիքսված չէ այդ ժամկետը, բայց բոլոր պետություններն էլ հորդորել են «խելամիտ ժամկետում» վավերացնել արձանագրությունները: «Դուք գիտեք, երբ ստորագրվեցին արձանագրությունները Ցյուրիխում, րոպեներ անց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն արեց, որ ամբողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Հայաստանը եւ Թուրքիան կվավերացնեն այս արձանագրությունները: Ամբողջ միջազգային հանրության կողմից այդպիսի հայտարարություններ հնչեցին: Ըմբռնումն այն է, որ կողմերը պետք է հատուկ ձգձգումներ եւ արհեստական խոչընդոտներ չստեղծեն»:

Հ. Կարապետյանը ստիպված եղավ երկրորդ անգամ կրկնել հարցը, թե արդյո՞ք խելամիտ ժամկետը կարող է համընկնել, օրինակ, ապրիլի 24-ի հետ, սակայն այդպես էլ պատասխան չստացավ: