252 բանաձեւի ճակատագիրն անկանխատեսելի է
252 բանաձեւի քննարկմանը Վաշինգտոնում հետեւած Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը այսօր հանդիպել են լրագրողներին: Պավիրակության այցը, նրանց կարծիքով, եւս մեկ անգամ հաստատել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է:
Բանաձեւի ընդունման մեջ պատվիրակները բարձր են գնահատել նաեւ Հայ Դատի գրասենյակների մեծ ջանքերը եւ նպատակային աշխատանքը: Առաջին քայլն արված է:
“Կընդգրկվի արդյոք բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ”. այս հարցի վերաբերյալ հայ պատգամավորները խոսել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ, հարցի պատասխանն այս պահին անորոշ է:
Կորյուն Նահապետյան, ԱԺ պատգամավոր. “Դուք գիտեք, որ ԱՄՆ-ի 111-րդ Կոնգրեսը իր գործունեությունը շարունակելու է մինչեւ 2010 թվականի նոյեմբեր: Մենք կարող ենք միայն հույս ունենալ եւ լինել լավատես, որ մինչեւ իր գործունեության ավարտը այս Կոնգրեսը հարցը կքննարկի: Մենք բոլորս` պետություն, ժողովուրդ, հասարակական կազմակերպություններ` Հայաստանում թե սփյուռքում, պետք է ձգտենք եւ նպաստենք, որ հարցը քննարկվի նաեւ լիագումար նիստում եւ հաջողությամբ պսակվի”:
Արտակ Զաքարյան, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ. “Այս հարցում, կարծում եմ` կանխատեսումներ անել առայժմ պետք չէ, որովհետեւ առջեւում դեռ գործընթացներ կան, ու դրանց զարգացումներով է պայմանավորված, թե ինչ ճակատագիր կունենա 252 բանաձեւը: Առաջիկա զարգացումները կապված են ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների հետ: Կան նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններ, Թուրքիայի գործողություններ, եւ այս բոլորը նշանակություն են ունենալու”: