Արմեն Ռուստամյան. «Արձանագրությունների մեջ եղած վտանգները պետք է օր առաջ չեզոքացնել»
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո մեծ հաջողություն էր, բայց դա, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով, միաժամանակ պետք է սթափեցնի Հայաստանի իշխանություններին, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Պետք է սթափեցնի, որովհետեւ Թուրքիան, ամբողջ պետական ապարատով լծվելով բանաձեւի տապալման գործին, ցույց տվեց, թե ինչ նպատակներ է հետապնդում արձանագրությունները ստորագրելով, որ նպատակ ունի կասեցնել Ցեղասպանության ճանաչումը։ Հայկական լոբբին կոնգրեսականերին համոզում էր, որ եթե ԱՄՆ-ը կողմ է հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը, դրա լավագույն ապացույցը կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Նովոստի» միջազգային լրատվական կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում Ա. Ռուստամյանը նշեց, որ այս մասին նա ասել էր նաեւ բանաձեւի հեղինակներին՝ նշելով, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը հակաթուրքական գործընթաց չէ, այլ մարդկության դեմ գործած ոճրի դատապարտման քայլ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, դեմ` 22 կոնգրեսական:
«Ավելի պերճախոս վկայություն մեր այն բոլոր հայտարարությունների, որ Թուրքիան այլ նպատակներ է հետապնդում այս ամենից՝ դժվար թե գտնվի։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք։ Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները եզրակացություններ կանեն այս ամենից եւ կգան այն մտքին, որ այդ արձանագրությունների մեջ եղած վտանգները պետք է օր առաջ չեզոքացնել, պետք է հասկանան, որ վերապահումներ անելը բխում է մեր շահերից, եւ մենք դա պետք է կատարենք՝ անկախ այն հանգամանքից, թե Թուրքիան ինչպես է ուզում տանել գործընթացը։ Սա կարեւոր քայլ էր, բայց վերջնական լուծում չէ,- ասաց Ա. Ռուստամյանը՝ նկատելով, որ բանաձեւի ընդունումը նաեւ պետք է հստակ ցույց տա Թուրքիային, որ եթե անգամ այս արձանագրությունների շնորհիվ ինչ-որ բանի էլ հասել է, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման հույս չպետք է փայփայի։
Ըստ Ռուստամյանի, Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունների դրամատիկ ընթացքը ցույց տվեց, թե ինչ ծայրահեղ ճիգերի գնով միայն հաջողվեց քվեարկության ընթացքը, գոնե նվազագույն առավելությամբ, թեքել նախագծի ընդունման օգտին, եւ դա այն դեպքում, երբ, Ռուստամյանի հիշեցմամբ, նախկինում այդ նույն հանձնաժողովում համանման բանաձեւերի քվեարկության ժամանակ հայամետ կոնգրեսականների թիվն առնվազն 4-5-ով ավելի էր լինում:
«Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հետեւեցին այս քննարկումների ընթացքին, շատ լավ հասկացան, տեսան, թե ինչպես կարող են այս [հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման] արձանագրությունները արգելակել [Հայոց ցեղասպանության] միջազգային ճանաչման գործընթացը», – հայտարարեց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանը հիմնավորում է. նախկինում ներկայացվող ավանդական փաստարկներին այս անգամ ավելացել է մի նոր` ազդեցիկ փաստարկ, եւ դա հենց արձանագրություններն են: Հենց այդ է պատճառը, որ բանաձեւին նախկինում կողմ եղած մի շարք կոնգրեսականներ այս անգամ դեմ քվեարկեցին` մտածելով, թե այդպիսով օգնում են իրենց կողմից շատ սիրված Հայաստանին, ասում է դաշնակցական պատգամավորը:
Այնուամենայնիվ, Թուրքիան ամեն ինչ անելու է, որպեսզի Կոնգրեսում տապալի բանաձեւի ընդունումը եւ արդեն հանդես է գալիս սպառնալիքներով, բայց նաեւ հայկական կողմը պետք է միավորի ուժերը։ Հայկական կազմակերպությունները պետք է մի կողմ դնեն բոլոր տարաձայնությունները, միասնական ճակատով աշխատեն, իսկ դրան պետք է միանա նաեւ ողջ պետական ապարատը՝ իր հայեցակարգված մոտեցումներով։
Եթե բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան հայտարարում է, որ չի վավերացնելու արձանագրությունները, Ա. Ռուստամյանը համարում է, որ Հայաստանը նույնպես իր մոտեցումները պետք է վերանայի։ «Սա մեզ համար լավ նշան է, նշան է այն բանի, որ այս արձանագրությունները պետք է վարապահումներով վավերացնենք, որից հետո հարցը կմտնի ճիշտ ընթացքի մեջ։ Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի արձանագրությունների ձախողմանը, ավելի լավ կլինի մեզ համար: Մենք Թուրքիայի խաղն ենք խաղում եւ սպասում ենք, թե երբ են նրանք վավերացնելու արձանագրությունները: Պարզ դարձավ, որ ոչ թե միջազգային հանրությունն է ճնշում գործադրում Թուրքիայի վրա, այլ հակառակը:
Թուրքիան դրան գումարել է նաեւ շանտաժը Ղարաբաղի հարցում»,- ասաց Ա. Ռուստամյանը: Իսկ Թուրքիայի կողմից այս տարածաշրջանում նոր պատերազմի մասին ակնարկներից քաղաքական գործիչը եզրակացնում է, որ արձանագրությունները ոչ թե վտանգները պակասեցրին տարածաշրջանում, այլ ավելացրին։ «Պատերազմի վերսկսման վտանգն է ավելացել։
Թուրքերը այսօր ոչ միայն նախապայմանների մասին են խոսում, այլ նաեւ ուղղակի նոր պատերազմի սպառնալիքի լեզուն է ավելացել։ Եթե մինչ այդ Ալիեւն ու նրա շրջապատն էր այս մասին ասում, այսօր դրանց ավելացել է Թուրքիան»,- ասաց Ա. Ռուստամյանը։ Արձանագրությունները նպաստեցին, որ ԼՂ կարգավորման փուլում արհեստական ակտիվացում լինի, բայց եթե փորձ է արվում արագ լուծում տալ, դա կնշանակի, որ Հայաստանը պետք է զիջի իր դիրքերը, այսինքն՝ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։ Այլ սցենար հիմնախնդրի արագ կարգավորման դեպքում Ա. Ռուստամյանը չի տեսնում։