Հայ-թուրքական արձանագրությունների դադարեցմանն առնչվող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ՆԻՍՏՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ, ՈՐՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՒ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԵՒ ՈՐԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ԱՌՆՉՎՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ։
Կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Մինչեւ քվեարկությունը խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. – «Մենք գտնում ենք, որ օրենքը ունի բազմաթիվ լրամշակումների կարիք, եւ քանի որ սա ընդամենը կիսաքայլ է, իսկ մենք կողմ ենք իսկապես համարձակ, խիզախ եւ ազգային շահերից բխող թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, եւ չենք ընդունում կիսաքայլերը»։
Դաշնակցությունը կողմ քվեարկեց օրինագծին, թեեւ ՀՅԴ խմբակցության անդամները իրենց ելույթներում նշեցին, որ անհրաժեշտ է օրենքում փոփոխություն կատարել եւ խորհրդարանին հնարավորություն տալ անմիջական մասնակցություն ունենալ պայմանագրերի կասեցման կամ դադարեցման գործընթացում: Խմբակցության անդամ, խոհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել միջազգային պայմանագրերի վավերացման փուլում վերապահում սահմանելու հնարավորություն նախատեսող նախագիծ:
«Ինչու պետք է խորհրդարանը, որն առաջնային մանդատ ունի այս կարեւոր հարցում, դիտորդի եւ կողքից օժանդակողի դերակատարություն ունենա», – ասաց Արմեն Ռուստամյանը։ Դաշնակցությունը կողմ քվեարկեց օրինագծին։
«Կողմ չքվեարկել նշանակում է կողմ չլինել, որ այս անհրաժեշտ գործիքը ուժ ունենա եւ օգտագործվի Հայաստանի կողմից։ Բնականաբար, այդ տրամաբանությամբ այս գործիքն ունենալը մեզ համար կարեւոր է», – օրինագծի շուրջ իրենց դիրքորոշումը պարզաբանեց Ռուստամյանը։
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոստացավ, Դաշնակցության առաջարկությունը՝ խորհրդարանին վերապահումների հնարավորություն տալու մասին կուսումնասիրվի. – «Եվ ընդունված կարգով համապատասխան արձագանք կտրվի այդ նախաձեռնությանը»։
Արտգործնախարարի առաջարկով, որոշվեց փաստաթուղթը երկրորդ ընթերցմամբ քննարկել 24 ժամվա ընթացքում:
Կառավարությունը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, անցյալ տարվա դեկտեմբերին արձագանքելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերին, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է վավերացման գործընթացը, սակայն նախապատրաստվում է նաեւ արձանագրությունները չեղյալ հայտարարելու հնարավորությանը։
Կարինե Քալանթարյան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2010