Թուրքիայի խորհրդարանի համար «շատ դժվար է» վավերացնել արձանագրությունները

ՆԵՐԿԱՅԻՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ – ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԶԱՄԱՆ»-Ի ՀԵՏ ԶՐՈՒՅՑՈՒՄ ԱՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՒՐԱԴ ՄԵՐՋԱՆԸ:

«Երբ մենք դիտարկում ենք Հայաստանի Սահմանադրական դատարանի վճիռը, տեսնում ենք, որ այն հստակ պայմաններ է սահմանում այն մասին, թե ինչպես պետք է կամ չպետք է իրագործվեն փաստաթղթերի դրույթները։ Այդ վճիռը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ որոշակի անորոշություն ստեղծում», – պարզաբանել է նա:

Հարցին` արդյոք այդ անորոշությունը կազդի՞ խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերացման գործընթացի վրա, հանձնաժողովի նախագահը պատասխանել է. – «Կարծում եմ, շատ դժվար է Թուրքիաի համար այսպիսի պայմաններում վավերացնել այդ արձանագրությունները. հստակ չէ՝ ինչպես են դրանք իրագործվելու, եւ քանի որ առկա է բացասական վերաբերմունք Թուրքիայի տեսանկյունից երկու առանցքային հարցերի շուրջ, չեմ կարծում, որ Թուրքիան կհամաձայնի զուտ սահմանի բացմանը»։

«Մենք պետք է որոշակի ժամանակ տանք միջազգային ուժերին, որոնք փորձում են հարթել արձանագրությունների շուրջ առաջացած այս անորոշությունը», – ասել է Մուրադ Մերջանը եւ ընդգծել. – «Միջազգային համայնքը պետք է հասկանա մի շատ կարեւոր հանգամանք` փոխելով հավասարակշռությունը Կովկասում, պետք է աշխատել այնպիսի իրավիճակ ստեղծել, որը ձեռտու կլինի բոլորին։ Եթե տարածաշրջանում առկա բոլոր խնդիրները ամբողջությամբ չլուծվեն, միջազգային հանրությունը առավել մեծ վտանգի առջեւ կկանգնի, քան կանգնած է այժմ»։

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ են, ի վերջո, շահում կողմերը այս գործընթացից, Մերջանն ասել է՝ Թուրքիան էական առաջընթաց կարձանագրի իր սահմանների ճանաչման եւ ցեղասպանության հարցում, մինչդեռ Հայաստանը, բարելավելով հարաբերությունները Թուրքիայի հետ եւ լուծելով Ղարաբաղյան հարցը, ոչինչի չի կորցնի, փոխարենը կստանա արտաքին առեւտրի ծավալը ավելացնելու եւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին մասնակցելու հնարավորություն։

«Միջազգային հանրությունը Հայաստանի կողմից գրավված հողերը չի ճանաչում որպես հայկական տարածք, դրանք ազատելու դեպքում Հայաստանը ոչինչ չի կորցնում, մինչդեռ Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիեւը ինձ հստակ ասել է՝ հենց որ հայ – ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավ տնտեսական հարաբերություններ կհաստատվեն», – «Զաման»-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Հեղինե Բունիաթյան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2010