ՀԱՅ ԷՐ

Ararat1967թ. խորհրդային եւ թուրքական կառավարությունների միջեւ, պետական սահմանի վերագծման նպատակով, ստորագրվում է խորհրդա-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն, որի հիման վրա 1969թ. ձեւավորվում է հանձնաժողովը, որն աշխատում է մինչեւ 1973թ.: 1973թ. դեկտեմբերի 19-ին կողմերը քննարկման համար միմյանց են ներկայացնում իրենց նախագծերը:

Թուրքական նախագծում ներառվում է «Կոմյունիկե», որում նշվում էր. «Պայմանավորվող կողմերը համարում են, այս վերջին դրական առաջընթացը խորհրդա-թուրքական հարաբերություններում, որ զարգանում են երկու երկրների օգտին եւ անկախության, հավասարության, տարածքային ամբողջականության ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների շրջանակներում, տարբեր ոլորտներում համագործակցության կարեւոր տարր է:

Պայմանավորվող կողմերը հայտարարում են, որ պատմական նշանակության այս արձանագրությունները, որ Թուրքիայի Հանրապետության եւ ԽՍՀՄ-ի միջեւ խաղաղ եւ անվտանգ չփոփոխվող սահմանի վկայությունն են, երկու երկրների միջեւ հարաբերություններում իշխող բարիդրացիության սկզբունքի եւ անվտանգության մթնոլորտի երկարաժամկետ կանխանշանն են»:

Խորհրդա-թուրքական սահմանի վերասահմանագծման համատեղ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է գնդապետ Գուրգեն Սեդրակի Նալբանդյանը: Ծանոթանալով թուրքական նախագծին` նա իր անհամաձայնությունն է հայտնում վերասահմանագծման փաստաթղթում բացի տեխնիկական խնդիրներից` նաեւ քաղաքական հարցեր ներառելու կապակցությամբ եւ փորձում է համոզել խորհրդային պատվիրակության ղեկավար Կոնստանտին Երմոշինին` բացառել «տարածքային ամբողջականություն» եւ «սահմանների անխախտելիություն» արտահայտությունները:

Ջանքերն ապարդյուն էին. Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Գրուբյակովը հակված էր անսալ իր թուրք գործընկերների հորդորներին, քան պահել խորհրդային երկրի պատիվը… 1973թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 12-ին, Անկարայում` Թուրքիայի արտգործնախարարության նիստերի դահլիճում, տեղի է ունենում խորհրդա-թուրքական սահմանի վերասահմանագծման փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողությունը եւ այդ առիթով մամուլի համար հայտարարության ընդունումը:

Մի հանգամանք է միայն վարկաբեկում ամբողջ գործընթացը: ՀԱՅ ՍՊԱ ԳՈՒՐԳԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, արհամարհելով նման դեպքում զինվորականին սպառնացող պատիժը, արհամարհելով բոլոր տեսակի ճնշումները, հրաժարվում է Հայաստանի անունից իր ստորագրությունը դնել իր հայրենիքի մեծ մասը բռնազավթած երկրի «տարածքային ամբողջականությունն» ու «սահմանների անխախտելիությունը» հաստատող փաստաթղթի տակ:

… Զարմանալի զուգադիպությամբ կամ ճակատագրի հեգնանքով, այժմ էլ հայ-թուրքական հետագա հարաբերություններ որոշող փաստաթղթում վերստին պահանջվում է ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ստորագրությունը: Ցավոք` էդվարդ նալբանդյան:

Անժելա ԱՎԱԳՅԱՆ
«ԵՐԿԻՐ»