Քննարկում՝ քննարկման ձեւի մասին

20100279-CFA.php
Տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը , որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Բացի օրակարգային հարցերից, հանձնաժողովի որոշմամբ նիստի օրակարգում ընդգրկվեց նաեւ ՀՀ կառավարության «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց քննարկել նաեւ օրերս խորհրդարանում շրջանառության մեջ դրված հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննարկման ընթացակարգ մշակելու վերաբերյալ հարցը: Պարոն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, միջազգային պայմանագրերն ավտոմատ կերպով ընդգրկվում են ԱԺ նստաշրջանի, ինչպես նաեւ` քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Նա առաջարկեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպել գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների եզրակացությունն ունենալուց հետո միայն: Հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը իրազեկեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը ԱԺ մշտական բոլոր հանձնաժողովներին գրությամբ առաջարկել է մեկ անգամ եւս անցկացնել խորհրդարանական քննարկումներ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Նա առաջարկեց այս կետը եւս ներառել ԱԺ արտաքին հարաբերությունների ընդունելիք որոշման մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի, ցանկացած ժամանակ` մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը (վավերագրերի փոխանակում, վավերացման կամ հաստատման ընթացակարգերը ավարտելու մասին ծանուցում, վավերագրի ի պահ հանձնում), իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից` դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը: Քանի որ այդ իրավունքի իրականացման ընթացակարգերը ներպետական իրավունքում նախատեսված չեն, ապա անհրաժեշտություն կա լրացնել միջազգային պայմանագրերի կնքման կարգը նախատեսող օրենքը: Պարոն Քոչարյանի կարծիքով` անհրաժեշտ ճկունություն ապահովելու տեսանկյունից նպատակահարմար է նախատեսել ոչ միայն կնքման ընթացակարգերի դադարեցման, այլ նաեւ կասեցման հնարավորություն:

Հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրեց դրական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների նախնական քննարկումների ընթացակարգի հարցը: Հանձնաժողովը որոշեց դիմել ԱԺ նախագահին, որպեսզի նա ԱԺ նիստում չկազմակերպի հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը մինչ հանձնաժողովի եզրակացության հրապարակումը: Հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամով, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր դիրքորոշումը քննարկումների անցկացման ձեւի վերաբերյալ, իսկ խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ ԱԺ խմբակցությունները մինչեւ փետրվարի 22-ը հանձնաժողովին պետք է ներկայացնեն իրենց տեսակետները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

20100279-CFA.php