Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը պաշտոնավարման մեկ տարվա առիթով

SerzhSargsyan8Նախագահ Սարգսյան – […] Ամենակարեւորն այն է, որ այս մեկ տարվա ընթացքում մենք կարողացանք խորացնել մեր հարաբերությունները մեր բարեկամների եւ գործընկերների հետ, կարողացանք սկսել եւ, իմ կարծիքով, բավականին առաջ գնալ Թուրքիայի հետ բանակցություններում, կարողացանք ավելի արդյունավետ դարձնել ղարաբաղյան բանակցությունները: Այս ընթացքում մենք կարողացանք ձեւակերպել լուրջ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացումը էապես կփոխի մեր տարածաշրջանի դիրքավորումը եւ մեր դիրքավորումը տարածաշրջանում:

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերություն – Պարոն Նախագահ, վերջերս թուրքական կողմի քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում հաճախ տեսակետ է հնչում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ այլ երկրների խորհրդարաններում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս տեսակետին։

Նախագահ Սարգսյան – Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատման գործընթացում չենք ենթադրում որեւէ նախապայմանի առկայություն։ Մենք Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես հարաբերություններ ստեղծելու պայման, եւ ակնկալում ենք, որ թուրքերն էլ որպես նախապայման չեն դիտում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը։ Ամերիկացներն իրենք են ականատես եղել ցեղասպանությանը։ Ամերիկացիներն ունեցել են դիվանագետներ, միսիոներներ, բիզնեսմեններ, եւ նրանք մեր կարիքը չունեն՝ համոզվելու ցեղասպանության փաստի մեջ։ Ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման վերաբերյալ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումների ընթացքում հազվագյուտ էին կամ գրեթե բացակայում էին ելույթները, որոնցում կասվեր, թե ցեղասպանություն չի եղել, ինչո՞ւ եք նման հարց բարձրացնում։ Ելույթ ունեցողների գերակշիռ մասն ասում էր, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, նրանց մի մասն ասում էր, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել, մյուսներն էլ ասում էին, որ հիմա ժամանակը չէ։ Այնպես որ, եթե ԱՄՆ-ը համարի, որ այսօր ցեղասպանության ճանաչումը կարող է գործոն լինել, որը կխոչընդոտի նոր ցեղասպանությունների կազմակերպմանը, կօգնի պայքարելու ահաբեկչության ու մյուս հանցագործությունների դեմ, դա կանի, իսկ եթե ոչ՝ ապա չի անի։ Չեմ կապում այս գործընթացը մեր հարաբերությունների հետ, քանի որ եթե սա կապենք մեր հարաբերությունների հետ, ապա ցեղասպանության յուրաքանչյուր ճանաչման դեպքում դրանք կարող են վատթարանալ։ Մենք չենք, որ Միացյալ Նահանգներին դրդում ենք ճանաչել ցեղասպանությունը։

«Արմենիան Ռիփորթեր» թերթ – Պարոն Նախագահ, Հայաստանի բոլոր երեք նախագահները ղարաբաղյան կարգավորման գործընթացում նշել են երեք նախապայման, որոնցից այն կողմ Հայաստանը փոխզիջումների տեղ չունի. Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, լինեն անվտանգության երաշխիքներ։ Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում ի՞նչ փոխզիջումների կարող է գնալ Հայաստանը։

Նախագահ Սարգսյան – Ստիպված պետք է կրկնեմ, որ մենք չենք տեսնում հնարավոր որեւէ նախապայմանի առկայություն մեր հարաբերություններն սկսելու գործում։ Մենք ասել ենք ու կրկնում ենք, որ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Հիմա, իմ կարծիքով, գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, ապա պետք է ասել, որ գնդակը հարատեւ չի կարող մի դաշտում մնալ, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլային խաղ ունի սահմանված ժամկետներ։ Հնարավո՞ր է, արդյոք, որ մենք մեր հաշվարկներում սխալված լինենք, ու հիմա թուրքերը այլ դիրքորոշում ընդունեն ու փորձեն որեւէ նախապայման առաջադրել։ Իհարկե, հնարավոր է, նման բանը չի կարելի հարյուր տոկոսով բացառել։ Կարծում եմ, որ մենք նույնիսկ այդ պարագայում գործընթացից դուրս կգանք ավելի ուժեղացած, դրանով մեկ անգամ եւս ընդգծեցինք եւ միջազգային հանրությունը դրա վկան եղավ, որ մենք, իրոք, պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն։ Եթե առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը դուք անվանում եք փոխզիջումներ կամ այդպես եք գնահատում, խնդիր չեմ տեսնում։ Կրկնում եմ, մենք կողմ ենք ու մեր դիրքորոշումն այն է, որ այլ կերպ լինել չի կարող՝ հարաբերություններ առանց նախապայմանների։

«Մեդիամաքս» լրատվական գործակալություն – Պարոն Նախագահ, եթե հայ-թուրքական երկխոսությունն այդքան հեշտ էր, ապա ինչո՞ւ դա չէր արվում նախկինում, ի՞նչն էր, որ թույլ տվեց Ձեզ՝ հայկական կողմին, սկսել այդ երկխոսությունը։

Նախագահ Սարգսյան – Ես իմ մասով կասեմ. խորապես համոզված եմ, եւ իմ համոզմունքը չի ձեւավորվել նախագահ ընտրվելուց հետո։ Բոլորդ տեղյակ եք, կարող եք վերցնել ազգային անվտանգության ռազմավարությունը, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իմ նախկին գնահատականները։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ մենք պարտավոր ենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատել, եւ կարծում եմ, որ այնպիսի հմուտ դիվանագիտական համակարգ, ինչպիսին թուրքականն է, ի վիճակի է գնահատել անկեղծության աստիճանը։ Սա մի հանգամանքն է, իսկ մյուսը, անշուշտ, միջազգային տարբեր գործոնների հանրագումարն է։ Ահա այս գործոններն են, որոնք մեզ հնարավորություն են տվել այսօր լինել այս վիճակում։

«Ազգ» օրաթերթ -Պարոն Նախագահ, թուրքական եւ ադրբեջանական կայքերում թուրք պաշտոնյաները հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կապում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հետ։ Հայ-թուրքական հարաբերություններն այսօր ո՞ր հանգրվանում են։

Նախագահ Սարգսյան – Ես ցանկանում եմ, որ մեր հանրությունը առաջին հերթին անկեղծորեն հավատա պաշտոնապես հնչող հայտարարություններին։ Բազմիցս իմ խոսնակի, արտգործնախարարության խոսնակի, ԱԳ նախարարի միջոցով, իմ շուրթերով հնչեցվել է, որ մենք գնալու ենք հարաբերությունների հաստատման առանց նախապայմանների։ Բազմիցս հնչեցրել ենք, որ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ո՛չ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ո՛չ էլ ցեղասպանության հարցը։ Վերջին անգամ նման հայտարարություն հնչեցրել ենք նախորդ կիրակի երեկոյան։ Կրկնեմ. հնարավոր է, որ թուրքերը փոխեն իրենց դիրքորոշումը, հետ կանգնեն մեր ձեռք բերած պայմանավորվածությունից, նրանց փոխարեն ես չեմ կարող պատասխանել ու պատասխանատու լինել։ Ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության եւ իմ վարկանիշի համար։ Մենք այլ դիրքորորշում չենք ունեցել եւ չենք ունենալու։ Մեր դիրքորոշումը միակն է՝ հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների։

Իսկ սահմանի բացումը հնարավո՞ր է։

Նախագահ Սարգսյան -Արտասահմանյան լրատվամիջոցներին վերջերս բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել եւ դրանցում ասել եմ բառացիորեն հետեւյալը՝ Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ես կա՛մ կանցնեմ բաց սահմաններով, կա՛մ էլ կլինի դրա նախօրյակին։ Սա կարելի է համարել լավատեսական մոտեցում, հնարավոր է, որ իմ լավատեսությունը չարդարանա։ Կրկնում եմ մենք այս գործընթացից տուժած դուրս չենք գալու։

«Հայաստանի զրուցակից» – Պարոն Նախագահ, հայ-թուրքական սահմանի բացումից եւ դրա հետեւանքներից անհանգստացած են հայրենական արտադրողները, ովքեր կարծում են, որ թուրքական էժան ապրանքի մուտքը կարող է խաթարել մեր տեղական արտադրությունը, ոմանք նույնիսկ դա համարում են թուրքական հատուկ ծրագիր։ Չե՞ք կիսում այս անհանգստությունը։

Նախագահ Սարգսյան – Ոչ, չեմ կիսում մի քանի պատճառներով։ Մի քանի հանդիպումներ եմ ունեցել մեր տեղական արտադրողների հետ, հարցրել եմ նրանց կարծիքը, եւ նրանք միանշանակ ասել են այն մասին, որ սահմանի բացումն իրենց համար նշանակում է նոր հնարավորություններ։ Թուրքական հսկայական շուկան մեծ հնարավորություն է Հայաստանի արտադրողի համար։ Խնդիրն այստեղ այլ է։ Այսօր ՀՀ-ում կարող են վաճառվել թուրքական ապրանքներ, որոնք բերվում են ոչ թե հայ-թուրքական սահմանով, այլ Վրաստանից։ Ի՞նչ կարող են նրանք անել։ Նրանց խանգարում են ոչ թե տրանսպորտային ծախսերը, այլ օրենսդրությունը, որը միշտ կարող է փոխվել։ Սա մեկ։ Երկրորդը՝ ես կողմ չեմ, որ այդ օրենսդրությունը մշտապես գործի, կողմ եմ մրցակցությանը։ Եթե մենք չենք կարողանալու մրցակցել թուրքական արտադրողների հետ, ապա ինչպե՞ս ենք պատրաստվում մրցակցել եվրոպական արտադրողների հետ։ Այդ դեպքում բոլոր մեր սահմանները փակենք, ասենք, որ ուզում ենք ինքնաբավ լինել ու փորձենք «Մերսեդես» կամ նմանատիպ մեքենա արտադրել… Ցանկությունը լավ բան է, բայց եթե չենք կարողանալու խաղող կամ պոմիդոր արտադրելով մրցակցել թուրքերի հետ, մենք ի՞նչ ենք ուզում։ Ինչո՞ւ թուրքերը պետք է կարողանան ավելի լավ կոնֆետ կամ ծխախոտ արտադրել, քան մենք։ Էժա՞ն։ Այդ դեպքում թող սպառողը որոշի, թե իրեն ինչն է ձեռնտու՝ էժան ու անորա՞կ, թեեւ կարող եմ ասել, որ կան թուրքական այնպիսի ապրանքներ, որոնք իրենց որակով ոչ մեկին չեն զիջում։ Ուզում եմ ասել, որ այստեղ մրցակցության խնդիր է, եւ պետք է կարողանանք այդ մրցակցությանը դիմանալ։ Բայց մյուս կողմից էլ մենք մեր տրամադրության տակ, ինչպես մնացած երկրները, ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք հանգիստ կարելի է օգտագործել։ Մի կողմից ասում ենք, որ ապրանքները պետք է լինեն էժան, մյուս կողմից՝ ասում ենք, որ այդ էժան ապրանքները պետք չեն… Ուզում եմ մի օրինակ բերել։ Մի քանի օր առաջ գյուղմթերք արտադրողները, ովքեր ջերմոցներ ունեն եւ լոլիկ են աճեցնում, կառավարությանը բողոքել են, որ Հայաստան է մտնում մեծ քանակությամբ իրանական էժան պոմիդոր, եւ գործադիրը պետք է միջոցներ ձեռնարկի։ Ինձ համար սա նոր ահազանգ էր, եւ որոշեցինք ստուգել։ Պարզվեց, ամբողջ 2009 թվականին ներմուծվել էր 100 տոննայից մի քիչ ավելի պոմիդոր, այսինքն՝ չնչին մի բան։ Հետո պարզվեց, որ այս մարդկանց կազմակերպել են, մտածում էին, թե հիմա տաքսիստները մեծ աղմուկ կբարձրացնեն, գյուղացիներին կբերեն եւ այլն, եւ այլն… Ինչպես են ռուսներն ասո՞ւմ. «Սատանան այնքան էլ սարսափելի չէ, ինչպես կարծում ենք»։ Չեմ կարծում, թե էժան ապրանքը մեծ խնդիր կլինի։

«Երկիր» թերթ – Պարոն Նախագահ, տեղեկատվություն կա, որ Ամերիկայի հայկական լոբբին այս օրերին Հայաստանից ազդանշանի է սպասում Կոնգրեսում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խթանելու կամ դադարեցնելու համար։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։

Նախագահ Սարգսյան – Բոլորովին չի համապատասխանում եւ վիրավորում է այն մարդկանց արժանապատվությունը, ովքեր տարիների ու տասնամյակների ընթացքում ծառայել են մեր ժողովրդի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերին։ Այդ մարդիկ հասուն ու կայացած մարդիկ են, եւ Երեւանից որեւէ ցուցումի կարիք չունեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա այդպիսի միտք անգամ ունենալ, բնականաբար, մենք մշտապես խորհրդակցում ենք կառույցների ղեկավարների հետ, մշտապես քննարկում ենք հարցեր, բայց այդպիսի երեւույթ, չեմ կարծում, որ կարող է գոյություն ունենալ։ Այդ մարդիկ ԱՄՆ-ի շատ լավ քաղաքացիներ են, նրանք ազգային գործիչներ են, կայացած անհատներ, եւ նրանց ցուցում տալը ճիշտ վարմունք չէ։ Ներողություն, կարծում եմ, որ նման գաղափարներ տարածողներն ուղղակի ուզում են սեպ խրել, ասել, թե՝ այնտեղ ցանկանում են, Հայաստանից զսպում են կամ՝ ընդհակառակը։ Պա՞րզ է, թե նպատակը որն է։

«Արմնյուզ» հեռուստաընկերություն – Պարոն Նախագահ, մի քանի օրից ապրիլի 24-ին ուղերձով դիմելու եք հայությանն ու աշխարհին։ Հաշվի առնելով անցած տարվա արդյունքները Ձեր խոսքում այս անգամ ո՞րն է լինելու կարեւոր ուղերձը։

Նախագահ Սարգսյան – Չեմ կարծում, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Իմ կարծիքն ու մոտեցումները չեմ կարող այդքան կարճ ժամանակի ընթացքում փոխել։ Ինչպես ասացի, մեր հարաբերությունների հաստատումը չի ենթադրում կասկածի տակ առնել ցեղասպանության հարցը։ Մենք պետք է ափսոսանք, որ եղել են միլիոնավոր անմեղ զոհեր, պետք է ցանկանանք, որ այլեւս որեւէ անգամ ու որեւէ տեղ նման բան չկրկնվի։

«Արմինֆո» լրատվական գործակալություն – Պարոն Նախագահ, ի՞նչ ակնկալիքներ եւ սպասելիքներ ունի Հայաստանը ԱՄՆ նոր նախագահից եւ նոր վարչակազմից:

Նախագահ Սարգսյան – Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ դրա մասին բազմիցս ասել ենք։ Ես կարծում եմ, որ առաջին իսկ նախանշանները կան, եւ նոր վարչակազմի հետ կարողանալու ենք հասնել լուրջ հաջողությունների։ Բնականաբար, մանրամասն տեղյակ ենք նոր ղեկավարության, նոր նախագահի դիրքորոշումներին՝ կապված արտաքին քաղաքականության ու, ընդհանրապես, հայերի հետ, եւ վստահ ենք, որ կան շատ լուրջ հիմքեր մեր հարաբերություններն առաջ տանելու համար։

«Ռոյթեր» լրատվական գործակալություն – Պարոն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում անվտանգության նոր համակարգեր ստեղծելու գաղափարը:

Նախագահ Սարգսյան – Մենք դրական ենք արտահայտվել այդ կապակցությամբ եւ կարծում ենք, որ ցանկացած կառույց, որը կարող է ավելացնել փոխվստահությունը տարածաշրջանում, իրավունք ունի ապրելու եւ լավ ապրելու։ Եթե նկատի ունենք թուրքական նախաձեռնությունը, ապա, անշուշտ, եթե մենք կարողանանք նրանց գործողությունների արդյունքում ավելացնել մեր վստահության աստիճանը թուրքերի նկատմամբ, մենք միայն դրական ենք արձագանքում դրան։

«TV 5» հեռուստաընկերություն – Պարոն Նախագահ, արդյո՞ք հայ-թուրքական սահմանի բացումը չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Նախագահ Սարգսյան – Ոչ, իհարկե, ոչ։ Բազմիցս ասել ենք եւ հիմա էլ կրկնում ենք, որ թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու ցանկությունը տնտեսական նպատակներ չի հետապնդում։ Մեր նպատակը ոչ թե ապաշրջափակումն է, այլ հարաբերություններ հաստատելը։ Շրջափակումը, վերջ ի վերջո, պատճառ չէ, դա հետեւանք է, իսկ մենք պետք է նախ վերացնենք պատճառները, այլ ոչ թե հետեւանքները։ Իհարկե, պետք է փորձենք վերացնել հետեւանքները, բայց մեր բուն նպատակը պատճառը վերացնելն է։ Եթե չլիներ ղարաբաղյան խնդիրը, շրջափակումն էլ չէր լինի, ուստի մենք պետք է խնդիրը լուծենք, այլ ոչ թե վերացնենք շրջափակումը կամ ապաշրջափակենք։ Այս առումով, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, եւ ոչ մի դեպքում բացասական ազդեցություն չի կարող ունենալ։ Մենք կողմնակից չենք այս վիճակը հավերժ պահպանելու, քանի որ դա անհնարին է։

Հատվածներ

President.am