Քառակողմ, երկկողմ հանդիպում

Obama_foreignministers

Հայոց Ցեղասպանության շուրջ իր դիրքորոշմամբ Միացյալ Նահանգների նախագահը հարուցել է թուրք ազգայնական քաղաքական գործչի զայրույթը: ‘Ազգայնական շարժում’ կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին ասել է. “Չեմ կարող հանդուրժել ԱՄՆ նախագահի քաղաքավարության պակասը”: Մեկնաբանությունը վերաբերում էր սեփական անցյալի հետ առերեսվելու` Օբամայի կոչին: Եվ` Ստամբուլում կայացած “Քաղաքակրթությունների երկխոսության” խորհրդաժողովի եւ դրան մասնակցած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգի մասին:

Հայաստանի արտգործնախարարի` Ստամբուլ մեկնելու հարցն իբրեւ հայ-թուրքական շփումների ընթացքի ջերմաչափ: Էդվարդ Նալբանդյանի` օրեր առաջ հաստատված մասնակցությունը “Քաղաքակրթությունների երկխոսության” խորհրդաժողովին դարձավ դիվանագիտական լծակ եւ հայկական կողմի դիրքորոշումը տեղ հասցնելու միջոց: Նախարարը կիրակի ուշ երեկոյան վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա: Մինչեւ հաջորդ օրվա երկրորդ կեսը, երբ նա վերջապես հատուկ չվերթով ուղեւորվեց Ստամբուլ, թուրքական կողմն անորոշության մեջ էր, կժամանի Հայաստանի արտգործնախարարը, թե` ոչ: Ազդակը, կարծես թե, ընկալվեց. դատելով թուրքական լրատվամիջոցների այսօրվա հրապարակումներից, Նալբանդյանի երկմտանքը Թուրքիա մեկնելու շուրջ կապվել է այդ երկրի վարչապետ Էրդողանի` օրեր առաջ Լոնդոնում արված հայտարարության հետ: Նա ասել էր, թե հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչեւ չհանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Սրան Նալբանդյանը պատասխանել էր “Ինտերֆաքս” գործակալության խնդրանքով տված մեկնաբանությամբ, առանց Էրդողանի անունը նշելու, բայց` հստակ եւ կտրուկ. “Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ, եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել”:

Սրան հաջորդել են Թուրքիայի արտգործնախարարության ձեռնարկած քայլերը, որը մասնավորապես արտահայտվեց գերատեսչության խոսնակ Բարաք Օզուգերգինի հայտարարությամբ: Դրանում ասվում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում որոշ զարգացումներ են արձանագրվել: “Հուսով ենք, որ դա կօգնի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը եւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությազն կարգավորմանը”,- ասել էր նա:

Անդրադառնալով Նալբանդյանի ստամբուլյան օրակարգին, հարկ է նշել, որ “Քաղաքակրթությունների երկխոսության” խորհրդաժողովի ձեռնարկներին նա չմասնակցեց, այլ ներկա եղավ միայն դրա շրջանակում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի կազմակերպած ընդունելությանն ու պաշտոնական ճաշկերույթին: Թեեւ շատ հայկական լրատվամիջոցներ հաղորդել են, թե Նալբանդյանը հանդիպում է ունեցել Օբամայի հետ, բայց իրականում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման միասնաբար հանդիպել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներին: Հայաստանի արտգործնախարարության տարածած խիստ քչախոս հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման աջակցություն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ջանքերին` գոհունակություն հայտնելով բանակցություններում վերջերս արձանագրված առաջընթացի կապակցությամբ: ԱՄՆ նախագահը քաջալերել է կողմերին` մոտ ապագայում կնքել երկու կարեւոր երկրների` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորող համաձայնագիր: ԱՄՆ նախագահի բնորոշմամբ, Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների ձեռնարկած քայլերը պատմական ու խիզախ են, եւ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ապահովել երկու ժողովուրդներին խաղաղ ու բարեկեցիկ ապագան:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյը:

Հարկ է նշել, որ վերջին տարվա ընթացքում հայ եւ թուրք դիվանագետները Շվեյցարիայում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Դրան գումարվում է հանգամանքը, որ Նալանդյանը Ստամբուլ էր մեկնել հատուկ այդ նպատակով Երեւան ժամանած Շվեյցարիայի զինված ուժերին պատկանող “FA-50” տեսակի ինքնաթիռով: Իսկ Սպիտակ տան պաշտոնական կայքում հանդիպման մասին հաղորդագրության մեջ Շվեյցարիայի արտգործնախարարի անվան կողքին նշված է “միջնորդ” բառը:

Ստամբուլյան մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, այսօր վաղ առավոտյան Էդվարդ Նալբանդյանն առանձնազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ, որի մասին մանրամասներ առայժմ չկան եւ չի արձանագրված նախարարության պաշտոնական հաղորդագրությունում: Այնուհետեւ նախարարը մեկնել է Ստամբուլից: Եվս մեկ հետաքրքրական հանդիպում առավոտյան ունեցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Թուրքիայի կրոնական հարանվանությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել Պոլսո Հայոց Պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը:

Իսկ լրատվական թողարկումների եւ տպագիր մամուլի խորագրերում այսօր տեղ է գտել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ով Ստամբուլ չի եկել` ի նշան հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի դեմ բողոքի: Իր երկրի անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում գունավոր ներկայացնելով Ադրբեջանի տնտեսական հզորության եւ ժողովրդավարական զարգացման թափն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում գրաված դիրքը, նա ասել է. “Հայաստանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը”: Սա, թերեւս, պետք է դասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության հետ դրանց առնչության շուրջ վերջին օրերին արված հայտարարությունների շարքին:

ԵՐԿԻ ՄԵԴԻԱ