Օբամայի դիրքորոշումը նույնն է

Obama US Turkey

Միացյալ Նահանգների նախագահի տեսակետը Հայոց Ցեղասպանության փաստի շուրջ անփոփոխ է, այն օրերից սկսյալ, երբ նա նախագահական ընտրարշավի օրերին Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական հարցապնդմանը ի պատասխան գրավոր հայտարարությամբ վերահաստատել է դա, եւ իբրեւ սենատոր կոչ արել ամերիկյան այն օրվա վարչակազմին, ընդունել այն:£Առնվազն այդպիսի պատասխան տվեց Բարաք Օբաման Անկարայում կայացած մամուլի ասուլիսում “Չիկագո տրիբյունի” թղթակցի հարցին:

Բոլորն անհամբեր սպասում էին թե ինչ է ասելու Օբաման: Նա պատասխանեց: Սակայն հարցականները մնացին:

Դեռ առջեւում Ապրիլի 24-ի ԱՄՆ-ի նախագահական ավանդական ուղերձի օրն է:

Ընդհանրապես, հարցականները հայկական թղթածրարում այսօր չափազանց շատ էին։ Օբամայի արտահայտություններից մինչեւ մեր երկրի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի Ստամբուլ մեկնելու հավանականությունը։

Ավիացիայի համաշխարհային սարդոստայնում Բաքու-Ստամբուլ եւ Երեւան-Ստամբուլ չվերթները օդագնացության ոլորտից տեղափոխվել էին քաղաքականության դաշտ: Մի քանի օր առաջ արդեն Ստամբուլ չմեկնելու մասին Ալիեւի հայտարարությունից հետո, երեկ կեսգիշերից սկսած նույն հարցականը մնում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դեպքում: Մինչ այդ անխափան աշխատել են Վաշինգտոն, Անկարա, Բաքու, Երեւան կառավարական հեռախոսագծերը: Այս երկու օդային երթուղիներից այսօր աշխատեց միայն մեկը` Երեւան-Ստամբուլ: Բաքու-Անկարա գիծը խափանված է:

Հայաստանի արտգործնախարարի` Ստամբուլ մեկնելու խճճված պատմության ապագան քիչ թե շատ հստակեցվեց այսօր կեսօրին, թեեւ արտգործնախարարությունից պաշտոնական հաստատում այդպես էլ չեղավ: Ժամը 16:30-ի սահմաններում նախարարն ուղեւորվեց “Զվարթնոց” օդանավակայան, որտեղից էլ հատուկ չվերթով մեկնեց Թուրքիա` մասնակցելու “Քաղաքակրթությունների երկրկխոսություն” միջազգային համաժողովին:

Ժամը 17:00-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանից մեկնեց Ստամբուլ:
Կիրակի ուշ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին Երեւան-Ստամբուլ չվերթով չէր մեկնել Թուրքիա: Այս անակնկալ քայլի մասին արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ չէր հաջողվել: Ինչպես մեզ փոխանցեցին մեր գործընկերները Ստամբուլից, ամբողջ գիշեր եւ այսօր առավոտյան համաժողովի կազմակերպիչներն անորոշության մեջ հետեւել են Հայաստանի պատվիրակության այցի ընթացքին: Երեկ երեկոյան, “Ինտերֆաքս” գործակալության խնդրանքով մեկնաբանելով վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերի, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ, Էդվարդ Նալբանդյանը նշել էր.

Էդվարդ Նալբանդյան, ՀՀ արտգործնախարար. “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ այդ փոխըմբռնմամբ ենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ: Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ, եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ”:

Իսկ Թուրքիան այսօր ամեն քայլափոխի հետեւում էր երկօրյա այցով իր երկրում գտնվող ԱՄՆ նախագահին ու ուշադրությամբ լսում նրա ամեն մի խոսքը: Անհանգստացնող կարեւորագույն խնդիրների թվում հայկական թղթապանակն առանձնանում էր: Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբամայի եւ Աբդուլլահ Գյուլի համատեղ մամուլի ասուլիսը բացվել է հենց այդ հարցով, լավ կազմակերպված սցենարով, այս դեպքում` ամերիկյան:£ Առաջին պատասխանի իրավունքը Օբամայինն է, հարցինը` “Չիկագո Տրիբյունի” լրագրողինը, որն էլ հրապարակային ընթերցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման շուրջ Օբամայի դիրքորոշումն արտահայտող` նախկինում արված հայտարարությունը: Լռություն ու պատասխան. “Չի փոխվել”:

Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ. “Իմ հայացքներն այս հարցի շուրջ պաշտոնապես հայտնի են եւ չեն փոխվել: Սակայն ինձ անչափ ոգեւորել է լուրը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումներ են ընթանում առկա հարցերի ամբողջ ընդհանրության շուրջ, այդ թվում` այս հարցի: Ուզում եմ հնարավորինս քաջալերել այս բանակցությունները, երբ կողմերն առաջ են շարժվում եւ կարող են շուտով արդյունք տալ: Ուզում եմ կենտրոնանան ոչ թե իմ տեսակետի, այլ հայ եւ թուրք ժողովուրդների հայացքների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել, ամբողջ աշխարհը պետք է քաջալերի”:

Գյուլն իր հերթին ասել է, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել պատմական իրադարձությունների հետ եւ կրկնել է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարը: “Այս պատմական խնդիրները քաղաքական օրակարգ են բերվել հիմնականում հայկական սփյուռքի կողմից, որը ցանկանում է պաշտպանել իր ինքնությունը”,- ասել է նա: Օբաման հայ-թուրքական խնդիրներին անդրադարձել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ: “Պատմության չկարգավորված խնդիրները կարող են ծանր բեռ լինել”,- ընդգծել է նա` ավելացնելով, որ անցյալի հետ հաշվի նստելը կարող է օգնել` ավելի լավ ապագա ունենալ:

Բարաք Օբամա, ԱՄՆ նախագահ. “Գիտեմ, որ այս դահլիճում 1915-ի ահավոր իրադարձությունների մասին կայուն տեսակետներ կան: Թեեւ հարցի շուրջ իմ հայացքի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են եղել, հարցն իրականում նրանում է, թե ինչպես հայ եւ թուրք ժողովուրդները կվարվեն անցյալի հետ: Առաջ շարժվելու լավագույն ձեւն անցյալի հանդեպ ազնիվ, բաց եւ կառուցողական մոտեցումն է: Արդեն տեսել ենք Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների պատմական եւ խիզախ քայլերը: Այս շփումները բազմաթիվ խոստումներ են պարունակում”:

Արդեն խորհրդարանում թուրք պատգամավորների, զինվորական եւ պետական ղեկավարների ներկայությամբ Օբաման վերահաստատել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունը, նաեւ Թուրքիային կոչ արել կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

ԵՐԿԻՐ ՄԵԴԻՐԱ