Կիրո Մանոյան. «Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի նկատմամբ վարած իր քաղաքականությունը»

Եթե Աբդուլահ Գյուլը միայն քարոզչական նպատակներով է Հայաստան այցելում, ապա դա որեւէ մթնոլորտ չի փոխի. Թուրքիան առաջին հերթին պետք է դրսեւորի քաղաքական կամք եւ վերանայի Հայաստանի նկատմամբ վարած իր 17 տարվա քաղաքականությունը:

Այս մասին սեպտեմբերի 4-ի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով` Թուրքիան միշտ էլ մերժել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, խոսել է նախապայմաններով ու վերջնագրերով, եւ եթե այդ կեցվածքը չփոխվի, ապա Թուրքիայի նախագահի այցելությունն անարդյունք կլինի:

Կ.Մանոյանի կարծիքով` քիչ հավանական է, որ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան չկայանա:

Ըստ նրա` արդեն դիվանագիտական խախտում էր այցելությունից երկու օր առաջ համաձայնություն տալը, թեեւ այդ որոշման հետաձգումը կապված էր ե՛ւ ներքին մտահոգությունների, ե՛ւ Ադրբեջանում ստեղծված մթնոլորտի, ե՛ւ անվտանգության ապահովման հետ: Պատասխանելով այն հարցին, թե այս այցելությունը ի՞նչ կտա Թուրքիային, Կ.Մանոյանը նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը տրամադրված է ինչ-որ բան փոխելու, այլապես այս այցելությունը սխալ հաշվարկ կլինի:

Անդրադառնալով Գյուլի այցի օրը Դաշնակցության նախաձեռնելիք ակցիաներին` Կ.Մանոյանը ասաց. «Եթե մեր պետությունում կարելի է նախագահի դեմ ցույցեր կազմակերպել, ապա նախագահի հրավիրած հյուրի դեմ էլ կարելի է ցույց անել, այն էլ` ընդունված նորմերի մեջ: Չպետք է մոռանալ, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ Թուրքիայի Հանրապետության նախագահը Հայաստան է այցելում, իսկ Աբդուլահ Գյուլին պետք է հիշեցնել, որ իր այս այցելությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չլուծվեն այն հարցերը, որոնք կարտահայտենք քաղաքական ակցիաների միջոցով»:

Կիրո Մանոյանի գնահատմամբ` եթե Աբդուլահ Գյուլի այցելությունից հետո Թուրքիայի կողմից համապատասխան քայլեր չձեռնարկվեն, ապա հայ-թուրքական` գոյություն չունեցող հարաբերությունները ավելի մեծ հարված կստանան: Ըստ նրա` Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի փոփոխության համար Թուրքիան պետք է բացի սահմանը, գործարկի Գյումրի-Կարս երկաթգիծը:

Միաժամանակ Կ.Մանոյանը նշեց, որ սահմանի բացումը կարող է վատ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Մասնավորապես` հսկայական քանակությամբ թուրքական արտադրանք կներկրվի Հայաստան, ինչը, առաջին հերթին, մեծ հարված կհասցնի երկրի տնտեսությանը: «Չպետք է մոռանալ նաեւ, որ սահմանի բացումով ազգային անվտանգության տեսակետից կավելանան վտանգները: Սակայն դա չի նշանակում, որ սահմանը չպետք է բացվի: Պարզապես մենք պետք է պատրաստ լինենք բաց սահմանի ռեժիմին»,- ընդգծեց Կ.Մանոյանը

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ