Արմեն Ռուստամյան. «Բողոքի ակցիաները Թուրքիայի կեցվածքի դեմ են լինելու»

«Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում ՀՅ Դաշնակցության գործունեության իմաստը պետք է ճիշտ ընկալել: Խնդիրն այն չէ, որ մենք ակցիա ենք կատարում հանրապետության նախագահի հրավերքի դեմ, ակցիա չենք կատարում անգամ Գյուլի գալու դեմ, այլ մեր ակցիաներով պետք է ցույց տանք, թե ինչպես ենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- սեպտեմբերի 4-ին ՄԱԱ-ում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` այսօր այս հարաբերությունների կարգավորման առումով երեք մոտեցում կա: Առաջինն այն է, որ հարաբերությունները կարող են շատ արագ կարգավորվել, որովհետեւ որեւէ խնդիր չունենք Թուրքիայի հետ:

«Դա մեզ համար մերժելի է: Մերժելի է նաեւ երկրորդ մոտեցումը` կան խնդիրներ, բայց դրանք կարելի է շրջանցել: Հաջորդ մոտեցումն այն է, որ կան խնդիրներ, եւ դրանք պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության ուղղորդող գիծը: Կան խնդիրներ, եւ առանց դրանց լուծման` հնարավոր չէ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորում:

Որ այս խնդիրները կարեւոր են` առաջին հերթին ահազանգում է հենց Թուրքիան` առաջադրելով իր նախապայմանները»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Սեպտեմբերի 6-ին նախատեսված ակցիաների հիմնական իմաստը լինելու է Հայոց Ցեղասպանության ճանաչման կարեւորումը: Դա, ԳՄ ներկայացուցչի կարծիքով, կարեւոր է 3 բաղադրիչով` քանի Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը չի կարող երաշխավորված լինել:

Ուստի սա ոչ միայն անցյալի հարց է, բարոյականության հարց է, այլեւ ուղղակի այսօրվա մեր անվտանգությանն առնչվող հարց է:
Երկրորդ` Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է, եթե մենք ուզում ենք հասնել Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության, այն, ինչ այսօր փորձում է անել Թուրքիան իր վերջին նախաձեռնությամբ:

Եթե Թուրքիան նման նախաձեռնությամբ է հանդես գալիս եւ չի ճանաչում Ցեղասպանությունը, Ա. Ռուստամյանի խոսքով` սա առնվազն լուրջ կասկածներ է առաջացնում նրա անկեղծության առումով: Երրորդ կարեւոր խնդիրն այն է, որ Թուրքիան փորձում է անդամակցել ԵՄ-ին, եւ առանց ճանաչման` Թուրքիայում կատարվող բոլոր փոփոխությունները կլինեն մակերեսային:

«Ահա այս երեք կարեւոր ուղղություններով մենք կարեւորելու ենք Հայոց Ցեղասպանության խնդիրը, սա է լինելու մեր ակցիաների բովանդակությունը: Սա բողոքի ակցիա է Թուրքիայի կեցվածքի դեմ»,- եւս մեկ անգամ ընդգծեց քաղաքական գործիչը:

Նա նաեւ հնարավոր համարեց այն, որ որոշ շրջանակներ կփորձեն Դաշնակցության մոտեցումները ծայրահեղացման տանել, նաեւ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն այս ակցիայի տրամաբանությունը փոխել, այսինքն` կլինեն սադրանքներ: Այս պատճառով, բանախոսը հստակ ներկայացրեց այն ակցիաները, որ նախատեսվում են, եւ ավելացրեց, որ դրանցից դուրս եթե որեւէ քայլ եղավ, դա նշանակում է, որ ինչ-որ շրջանակներ փորձում են աղավաղել դրանց իմաստը:

Առաջինը` ակցիան սկսվելու է օդանավակայանում: Ակցիայի մասնակիցները, Ա. Ռուստամյանի խոսքով, շատ քաղաքակիրթ ձեւով կդիմավորեն Թուրքիայի նախագահին` նրան ներկայացնելով այն խնդիրները, որ ասվեցին:

Մինչ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի սկիզբը` նախատեսված է այցելություն Ծիծեռնակաբերդ, ինչպես նաեւ ծաղկեպսակի տեղադրում: Իսկ ամբողջ խաղի ընթացքում ջահեր են վառվելու հուշարձանի կողքին: Ա. Ռուստամյանը տեղեկացրեց, որ նաեւ հենց մարզադաշտում կլինեն Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչեր: «Սա է մեր ծրագիրը, եւ մենք սրանից դուրս չենք գալու:

Սա այն նվազագույնն է, որ պետք է կատարենք: Երեւի շատերը չեն հասկանում, հետո կհասկանան. չկատարելու պարագայում մենք անմիջապես կհայտնվենք Թուրքիայի հակաքարոզչության տակ: Եթե որեւէ ակցիա չլինի, ապա հաջորդ օրն իսկ Թուրքիան մեծ հնարավորություն կունենա ամբողջ աշխարհին հայտարարելու, որ հայերի համար Ցեղասպանության ճանաչման հարցն այդքան էլ կարեւոր չէ:

Առաջին անգամ Թուրքիայի նախագահը մեկնել էր Հայաստան, եւ ոչ մեկի մտքով չանցավ մի ծպտուն հանել այդ հարցով»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը` ավելացնելով, որ Թուրքիայի համար հարմար առիթ է ասելու, որ այդ հարցը միայն Սփյուռքի հարցն է, եւ ՀՀ-ն այդպիսի հարց չունի: «Այսինքն` մենք ուղղակի հարվածի տակ կդնենք Հայոց Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը եւ մեծ նվեր կմատուցենք Թուրքիային: Դաշնակցությունը չի կարող նման բան թույլ տալ: Եթե ոմանք սա չեն հասկացել` այլ խնդիր է, իսկ ժամանակը ցույց կտա, որ պարտավոր էինք դա անել»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը:

Նա կոչ արեց հայրենակիցներին` միանալ այս ակցիային եւ սոլիդ կերպով բարձրացնել մեր հարցերը, իսկ հետո արդեն շարունակել պայքարը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների ճիշտ կարգավորմանը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ընդունված մի շարք անտրամաբանական որոշումներին, մարզազգեստին հայկական զինանշանի վրա Արարատի փոխարեն գնդակի տեղադրմանը:

«Այսօր այնպիսի մի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորելու: Եվ երբեմն այնպիսի քայլեր են ձեռնարկում, որ ինքներս էլ չենք հասկանում, թե որքան ենք մեր արժանապատվությունը նվաստացնում»,- ասաց Ա. Ռուստամյանը: Նա հարցադրում արեց. եթե զինանշանի փոփոխությունը թուրքական կողմի ճնշման արդյունքում չի եղել, ապա ինչո՞ւ է արվել այդ փոփոխությունը: Այդ խնդրին դեռ անդրադարձ լինելու է, եւ պարզվելու են մանրամասները:

Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ