Ո՞ւր են տանում արձանագրությունները

Ժերար Շալյան
Հոկտեմբերի 10, 2009թ.

GerardChaliand

Իմ կարծիքով այս արձանագրությունն` իր երկիմաստ ձևակերպմամբ, բարենպաստ չէ հայկական պետության շահերին: Ի՞նչ է փնտրում վերջինս: Հայ-թուրքական սահմանների բացում՝ անջատելով այն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցից:

Ակներև է, որ այդ հարցի հիշատակումից խուսափելու համար, Հայաստանը համաձայնում է, որ «պատմական ենթահանձնաժողովը» 1915 թ. ցեղասպանության վերաբերյալ կարող է իրականացնել «պատմական արխիվների ու փաստերի գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն՝ արդի խնդիրները սահմանելու ու առաջարկություններ ներկայացնելու նպատակով, որին կարող են մասնակցել հայ, թուրք, շվեյցարացի կամ այլազգ միջազգային փորձագետներ»: Նման ձևակերպումը պետք է որ անընդունելի լիներ այդ անվանն արժանի հայկական կառավարության համար: Ի՞նչ է փնտրում թուրքական դիվանագիտությունը, որի գերազանցությունն ընդգծելն անօգուտ է, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների նրա առաջնային դիրքը՝ Ռեջեփ Էրդողանի դրդմամբ.

• Թուրքիայի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչում:
• Ամեն գնով խուսափել ցեղասպանություն եզրից՝ 1915-1916 թթ. պատմական իրադարձությունների մասին խոսելիս:
• Գործել Ադրբեջանին համահունչ՝ Բաքվի ինքնիշխանությանը վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը:

Այս վերջին կետը բացահայտ կերպով չի երևում արձանագրության մեջ, Հայաստանն ու Թուրքիան վերահաստատելով «իրենց երկկողմ ու միջազգային հարաբերությունները, պարտավորվում են հարգել և հարգանք ապահովել հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների նկատմամբ»:

Դա, ինչ-որ տեղ, նշանակում է անտեսել ժողովուրդների՝ իրենք իրենց տնօրինելու, ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որի վրա էր հիմնված Ղարաբաղի և իր՝ մեծամասամբ հայ բնակչության պահանջը՝ կոնֆլիկտի նախօրեին:

Հետևաբար Թուրքիան, եթե իհարկե ցանկանում է, կարող է հետաձգել սահմանի բացումը՝ փաստարկելով որ արձանագրության մեջ նման դրույթ առկա չէ: Նա միշտ կարող է անդրադառնալ դրան, որպես երկու պետությունների կողմից համաձայնեցված արձանագրության բաղկացուցիչ մաս:

Ինձ թվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ դրութը բխում է ոչ շոշափելի ուժային հարաբերությունից ու փաստացի իրավիճակից: Ինչպես նաև, իրականում, չնայած որ հաստատ կարելի է ափսոսել, ես ճիշտ եմ համարում հրաժարվել տարածքային այդ պահանջից: Այս իմաստով, սառնասիրտ պատմաբանի համար 1915-1916 թթ. ցեղասպանությունը թուրքական պետության տեսանկյունից, հաջողություն է, քանի որ արևելյան վեց վիլայեթներում այլևս ոչ մի հայ չկա: Շարունակել պահանջել այն, ինչ պարզապես չես կարող ձեռք բերել, ինչ էլ որ անես, անիմաստ է քաղաքականության մեջ: Նույնքան անիմաստ, որքան Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության կողմից Իսրայելի պետության չճանաչումն էր երեկ, և Համասի կողմից՝ այսօր:

Ոչ մի պարագայում պետք չէր ընդունել պատմաբանների հանձնաժողովը: Թալիաթի մատյանը, որն ի դեպ հրատարակվել է, հիշատակում է մոտ մեկ միլիոն «անհայտ կորածներ»: Ոչինչ չի կարող արդարացնել այդ ծավալի էթնիկ զտումը, եթե ոչ տարածք բացելու մտադրությունը: Միայն ցեղասպանություն եզրն է համապատասխանում այդ կանխամտածված ու աննկարագրելի ոճրագործությունը: Հայերի ցեղասպանությունը պատմական իրականություն է, որը բացահայտվել է բազմաթիվ առկա արխիվների (գերմանական, ավստրիական, ամերիկյան և այլ) և ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի պատմաբանների վերջին երկու սերունդների աշխատանքի շնորհիվ: «Գիտական անկողմնակալ ուսումնասիրության» աշխատանքն արդեն իրականացել է: Ու՞մ են ծաղրում: Ինչպիսի՞ կառավարություն պետք է լինի նման դրույթ ստորագրել համաձայնվելու համար: Սա նման է նրան, որ Իսրայելը համաձայնվեր քննարկել հրեաների ցեղասպանության իրականությունը գերմանական պետության հետ, որը նացիզմի անկումից հետո դեռ 94 տարի շարունակում էր ժխտել ցեղասպանությունը և որի բոլոր կառավարությունները դեռ այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում: Իրենց արարքի համար չզղջացած դահիճների (ես խոսում եմ թուրքական պետության մասին) ժառանգորդներին մի ժողովրդի սպանությունը վաճառելու համար հայկական կառավարությունն արժանի չի իր երկրին:

Մարդու իրավունքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն չկա: Կա քաղաքական ու տնտեսական շահերից դրդված դիվանագիտություն, հատկապես աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ հարուստ ռեսուրսներ կան, ինչպես կասպյան ավազանում և Մերձավոր Արևելքում: Փաստ է, որ Հայաստանն այս առումով ավելի անբարենպաստ պայմաններում է՝ Ադրբեջանի, կամ նույնիսկ, այլ պատճառներով, Վրաստանի հետ համեմատած: Մինչդեռ Թուրքիան, որպես տարածաշրջանային հզոր ուժ և աշխարհամարտավարական խաչմերուկ, գնալով ավելի առաջատար դիրք է զբաղեցնում: Ավելին, այն օժտված է իսկական նախագահով:

Ակնհայտորեն այս արձանագրությունն ավելի շահավետ է Թուրքիային, քան Հայաստանին, որը չի հասնում դրանց մերժմանը: Մի զիջումից բխում է մյուսը: Շարունակելով գոհանալ Ղարաբաղի սառեցված իրավիճակով, կարելի է վերջում չնկատել, որ ժամանակը չի աշխատում նրանց օգտին է, ովքեր գերադասում են սպասել և բավարարվում են սահմանափակ ինքնիշխանության շրջանակներով: Վառելիքի և գազատարների ու նավթատարներների իրականացված ու ընթացիկ ծրագրերը ամրապնդել են Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքերը: Եվ Ռուսաստանը, որն այս գործում իր սեփական շահերն ունի, սա ընդունել է ի գիտություն:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, վերջինս բազմիցս շեշտել է իր աջակցությունը Թուրքիային Եվրոպայի շրջանակներում, որը թանկարժեք դաշնակից կլինի Ռուսաստանի, անգամ նաև Չինաստանի սահմաններին… Ռեջեփ Էրդողանը չէ՞ր, որ Զինջիանի 750 թուրքախոս ույգուրների մահը որակեց «ցեղասպանություն»:

ՍԻՎԻԼԻԹԱՍ ՀԻՄՆԱԴՐԱՄ