Ցեղասպանագետներ. “Պատմաբանների հանձնաժողովը` Թուրքիայի հերթական հնարքն է”

TR-bksՑեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` մտահոգություն հայտնելով պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հեռանկարի կապակցությամբ:

Նրանք Թուրքիայի վարչապետին ուղարկել են 2005թ-ի հունիսին նրան ուղղած բաց նամակի փոփոխված տարբերակը` վերահաստատելով իրենց առարկությունն այն հանգամանքին, որ Թուրքիան պնդում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վրա, որում ինքը պետք է ընդգրկված լինի:

Նամակում մասնավորապես ասված է. “Քանի որ Թուրքիան անցած 9 տասնամյակների ընթացքում ժխտել է Հայոց Ցեղասպանությունը, իսկ այժմ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով Ցեղասպանության հրապարակային հաստատումը հանցանք է, անհնար ենք համարում Անկարայի ներգրավումը մի գործընթացում, որը պետք է գնահատի, արդյոք Թուրքիան 1915թ-ին հայերի դեմ ցեղասպանություն իրագործել է, թե ոչ: Ձեր կառավարությունից դուրս` Հայոց Ցեղասպանության փաստը կասկած չի հարուցում, ուստի մենք մտահոգ ենք, որ պատմական հանձնաժողով ստեղծելու ձեր պահանջն այդ փաստերը ժխտելու քաղաքական հնարք է”:

YerkirMedia.am