Սոս Սարգսյան. Հետ տվեք իմ երկիրը

SosSargsyanԵս մի երկու անգամ խոսել եմ այդ թեմայով, ու գնալով ավելի խստացնում եմ իմ դիրքորոշումը։ Կարելի՞ է թուրքերի հետ բարեկամություն անել։ Էս ի՞նչ պատահեց, մենք, ի՞նչ է, մանկուրտ դարձանք։ Երեկ էր, որ սպանում էին մեզ։ Էսօր է, որ սպանում են, Դինք են սպանում, Մարգարյան են սպանում, խեղճ տղային քնած կացնահարեցին։ Էդ թուրքերն են, չէ՞, թրքություն է վերջապես…

Ամենասոսկալի, ամենավտանգավոր բանն այն է, որ հայերն ուզում են դիվանագիտություն խաղալ թուրքերի հետ։ Նրանք մեզ կտանեն ջուրը, ծարավ-ծարավ հետ կբերեն։ Արել են, էլի կանեն։ Էս տեսակ դիվանագիտություն չի կարելի։ Մենք թուրքերի հետ պետք է շատ հստակ, շատ կարճ խոսենք։ Մեզ պետք չի էդ սահմանը բացել։ Իրենց է պետք։ Դա բծավորված, արատավորված աշխարհ է, երկիր է։

Ուզում է լավանալ՝ թող լավանա։ Հիմարություն է, որ հայերն ուրախացել են, թե Ղարաբաղի խնդիր չեն դրել։ Մենք պիտի խնդիր դնենք, ասենք՝ ուզո՞ւմ եք սահմանը բացել, ընդունեք Ցեղասպանությունը, բացենք։ Մեզ պետք չի էդ սահմանը։ Մենք պիտի պայման դնենք, ասում եմ։ Ինչո՞ւ ենք ուզում, որ Ցեղասպանությունը ընդունեն, որովհետեւ ինչ-որ չափով մեզ կզգանք ապահով։ Թուրքիայի վտանգը մեր գլխին դամոկլյան սրի պես կախված է՝ ՙՈվ կապրի էնտեղ՚… Այ մարդ, քո գործը չի, իմ երկիրն է, իմ հողն է, իմ Վան քաղաքը, հետ տվեք իմ երկիրը։

Չգիտեմ… Համենայնդեպս, ազգը իր հպարտությունը, իր արժանապատվությունը, իր կարծրությունը չպիտի կորցնի։ Եթե մենք մոռանում ենք մեր երկիրը, մեր Եղեռնը, թուրքերի արածը, մենք ոչ թե ժողովուրդ, այլ, ինչպես Թումանյանն է մի դառը պահի ասել՝ խալխ ենք։ Մենք, ուրեմն, ժողովուրդ չենք, խալխ ենք, հարգանքի արժանի չենք։

Հիմա եվրոպացիներն ու ամերիկացիները մեզ քաջալերում են, բայց հիմնականում մտքներում կասեն. ՙՍա ի՞նչ ազգ է՝ ո°չ հպարտություն ունի, ո°չ արժանապատվություն՚։ Հիմա մեր վիճակը վիճակ չի, բայց էս էն պահն է, որ ազգի ճակատագիր է վճռվում, վաղը մենք կարող ենք սիրուն գնալ, ընկնել թուրքի սարքած թակարդը։ Ես միշտ հիշում եմ՝ սուլթան Համիդն ասել է. ՙԱնգլիացիները նավեր ունեն, ֆրանսիացիները լեռներ, մենք էլ փափուկ բարձեր ունենք՚։ Սոսկալի խոսք է։ Սերժ Սարգսյանը չպիտի գնա էդ անտեր ֆուտբոլին։ Նրանք են մեր ձեռքին նայում։ Էս է, որ չենք հասկանում։ Նրանք են խելագարված ուզում լավը երեւալ։ Նրանց դա շատ է պետք։ Ես Դեր Զորի ճանապարհով մի քանի անգամ գնացել եմ։ Մի զարմանալի ճանապարհորդություն։ Ես 300 կիլոմետր ճանապարհի վրա էդ ճիչերն էի լսում, ողբը, լացը… Իմ էությունը չի մոռանում դա, ես ո՞նց մոռանամ։

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ