Հ.Յ.Դ. Մամլոյ Հաղորդագրութիւն

ARF-Logo-sՍեպտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի արտահերթ լիագումար նիստը:

Օրակարգի հիմնական նիւթերն էին մեր տարածաշրջանում ստեղծուած ռազմաքաղաքական բարդ կացութիւնը եւ հայ-թուրքական յարաբերութիւնները:

Հանգամանօրէն քննարկելով Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրաւէրները` ՀՅԴ Բիւրոյի լիագումար նիստը անհրաժեշտ համարեց հանրութեան ուշադրութեանը յանձնել յատկապէս հայ-թուրքական միջպետական յարաբերութիւնների ոլորոտում ՀՅԴ մի քանի սկզբունքային դիրքորոշումներ.

    ա. Հայաստանն ու Թուրքիան, իբրեւ հարեւան պետութիւններ փոխյարաբերութիւնների բնականոնացման ուղղութեամբ ջանքեր պէտք է գործադրեն: Սակայն մենք համոզուած ենք, որ բարիդրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնմամբ միայն: Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը այս ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել:

    բ. Հայաստանի Հանրապետութեան նախագահի նախաձեռնութեանը, դրան հետեւած նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներին պէտք է յաջորդեն Թուրքիայի կողմից որոշակի դրական քայլեր: ՀՅ Դաշնակցութիւնը ակտիւօրէն հետամուտ է լինելու, որ պաշտօնական հանդիպումները չմնան լոկ որպէս Թուրքիայի համար քարոզչական հնարաւորութիւններ:

    գ. ՀՅԴ-ի համար բացարձակապէս անընդունելի է հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացումը մեր պետութէան ինքնիշխան ու կենսունակ լինելիութէան եւ սերունդների` ազգային-պետական իրաւունքների հաշուին:

    դ. Թուրքիան կարող է յաւակնել տարածաշրջանային նախաձեռնութիւնների, եթէ արմատական փոփոխութեան ենթարկի իր «հայկական քաղաքականութիւնը»: Վերջինս Արցախի հիմնախնդրում չպէտք է կողմ լինի, չպէտք է Հայաստանի հետ խօսի նախապայմաններով եւ Հարաւային Կովկասում պէտք է հրաժարուի բաժանարար գծերի խորացման, շրջափակման եւ մեկուսացման քաղաքականութիւնից:

    ե. 1998-ից ի վեր Հայաստանը իրականացնում է ազգային-պետական գաղափարախօսութեան յենքով արտաքին քաղաքականութիւն, որի ռազմավարական ուղղութիւններից մէկը Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր, մասնաւորապէս` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի բարելաւման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

ՀՅԴ-ն իր գործունէութեան հիմնական առաջադրանքներից մէկը համարել եւ համարում է այս ուղեգծի շարունակականութեան ապահովումը:

ՀՅԴ մամլոյ դիւան
10 սեպտեմբերի 2008թ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ