Մարդկության դեմ իրականացված ոճրի դատապարտումը համամարդկային արժեք ունի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձեւին հավանություն տալու հաջորդ օրը` մարտի 5-ին, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իր պաշտոնակից Հովարդ Բերմանին։

Նա շնորհակալություն է բանաձեւի օգտին քվեարկելու համար, ինչը հնարավորություն է տալիս բանաձեւը քննարկման դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը վերահաստատում է աջակցությունը այս որոշմանը, «որը կհաստատի ցեղասպանության կանխարգելման դեմ պայքարի դատին Միացյալ Նահանգների հանձնառությունը»։ «Ինչպես քննարկել ենք Վաշինգտոնում մեր հանդիպման ժամանակ, Հայաստանը, հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, այն դիտարկում է որպես պատմական արդարության վերականգնման եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման, ինչպես նաեւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»,- նշվում է նամակում։

Դարձյալ շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի նախագահ Բերմանին ու նրա գործընկերներին, ներառյալ՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆին եւ Ջորջ Ռադանովիչին՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու ոգեկոչման ուղղությամբ կատարած նրանց աշխատանքի համար՝ Արմեն Ռուստամյանը վստահություն է հայտնում, որ «այս գործընթացի ջատագովներն իրավացիորեն համոզված են նաեւ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը, ըստ էության, մինչ օրս նպաստել է Թուրքիայի դիրքերի կոշտացմանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

Վստահ եմ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումը ոչ միայն չի խոչընդոտելու, այլեւ ընդհակառակը՝ սատարելու է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լիարժեք երկխոսության կայացմանը։ Այս հարցում մենք տարակարծիք ենք պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնին՝ վերջերս կատարած այն հայտարարության հարցում, թե՝ «այլ երկրի գործը չէ, թե երկու երկրներ ինչպես կկարգավորեն իրենց խնդիրները, այն աստիճան, որ Միացյալ Նահանգների քայլերը կարող են խանգարել գործընթացին»։

Արդարեւ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. «Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հավելում է. «Միացյալ Նահանգների սկզբունքային կեցվածքը միմիայն կարող է նպաստել այն գիտակցության ամրապնդմանը, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ամենեւին հակաթուրք կեցվածքի արտահայտություն չէ, այլ բխում է Ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ գործված հանցագործության դատապարտման անհրաժեշտությունից։ Ավելին՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայուն բարելավումը պետք է հիմնված լինի ճշմարտության եւ արդարության հանդեպ համակողմանի հարգանքի վրա։

Վերջապես, նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա վարչակազմը բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը, ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը, որոնք պետք է ճանաչվեն ու դատապարտվեն ամբողջ առաջադեմ մարդկության կողմից: Առավել եւս՝ հակառակ պետքարտուղար Քլինթոնի պնդմանը, ՀՀ նախագահն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա «Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ»:

Համոզված ենք՝ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը կլինի լավագույն վկայությունն այն բանի, որ մարդկության դեմ իրականացված ոճրի ճանաչումն ու դատապարտումը համամարդկային արժեք ունի եւ չպետք է լինի միայն երկկողմ հարաբերությունների առարկա, եւ դա կվերահաստատի այն, որ Միացյալ Նահանգների համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, ներառյալ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցում դրված նախապայմանը»։

«ԵՐԿԻՐ»

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ