Թուրքիան գրոհում է Միացյալ Նահանգները

LibertyGagԸստ թուրքական Zaman օրաթերթի` առաջիկա օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Միացյալ Նահանգներ, որտեղ ամերիկացի օրենսդիրներին նախազգուշացնելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում հնարավոր հետեւանքների մասին: Ի դեպ այս պահին Միացյալ Նահանգներում է գտնվում թուրք պատգամավորների միանգամից 2 պատվիրակություն, որոնք արդեն հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ ներկայացրել են իրենց այցի նպատակը:

Թուրքիան ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանաձնաժողովում մարտի 4-ին քվեարկության դրվելիք Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունման դեմ պայքարի է դուրս եկել ողջ ճակատով: Պաշտոնական Անկարան նախ հայտարարեց կոնգրեսականների կողմից բանաձեւի ընդունման հետեւանքների մասին, հիմա էլ գործի են անցել այս առնչությամբ հատուկ առաքելություն ստացած պաշտոնյաները:

Առաջիկա օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնելու է Միացյալ Նահանգներ` ամերիկացի օրենսդիրներին նախազգուշացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքների մասին: Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարարությունը նախապատրաստվում է:

Ահմեդ Դավութօղլուն նախ “ափսոսանք” է հայտնել 252-րդ բանաձը ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության դնելու փաստի առնչությամբ, ապա գրեթե կրկնել է երեկ հնչեցրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը:

Ահմեդ Դավութօղլու, Թուրքիայի արտգործնախարար. “Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների Հանձնաժողովը կմերժի տվյալ բանաձեւը, որը կարող է վնասել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաեւ կկասեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը”:

Երկրի ներքին ծանրագույն հարցերը չեն խանգարում նաեւ վարչապետ Էրդողանին` մասնակիցել բանաձեւի դեմ աշխատանքներին: Էրդողանը ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում ներկա էլ լինելու Էներգետիկ գագաթաժողովին:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այցի ընթացքում առաջնահերթ է լինելու Հայոց Ցեղասպանության խնդիրը: Այդ հարցը, հատկապես ապրիլի 24-ի ավանդական հայտարարության հանգամանքը, էրդողանը քննարկելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Էրդողանը նպատակ ունի հանդիպել նաեւ հրեական լոբբիստական կազմակերպությունների հետ: Այս մասին նախանական պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի դեսպան Նամըկ Թանի եւ ԱՄՆ հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման ժամանակ:

ԱՄՆ Հայկական սփյուռքին հակազդելու համար, Թուրքիան աշխատում է հրեական լոբբիի աջակցությունը ստանալու ուղղությամբ: Հատկապես այն պարագայում, երբ վերջերս ԱՄն-ի հրեական կազմակերպությունները հայտարարել էին, որ Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կասեցնելու հարցում այս անգամ իրենք ոչինչ չեն անելու` կապված իսրայելաթուրքական հարաբերությունների վերջին զարգացումների հետ:

Իսկ մինչ այդ Էրդողանը շարունակում է սպառնալ Անկարայից: Երեքշաբթի Մեջլիսի իր կուսակցական խմբակցության առջեւ ելույթում նա սպառնացել եւ ժամկետներ դրել Վաշինգտոնի առաջ:

Ռեջեփ Թայյիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ. “Հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատում խելամիտ կվարվեն հաշվի առնելով, որ այս հարցը պետք է պատմաբաններին թողնվի: Ավելի ճիշտ կլինի ցեղասպանության ապացույցները ուսումնասիրել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում ու արխիվներում: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացման դրական փուլում են: Ես վստահում եմ Օբամային ու նրա խելամտությանը, ով ուշադիր հետեւում է Հայաստանի հետ հարաբերույթունների կարգավորման գործընթացին: Այս թեմաների շուրջ Քաթարում Հիլլարի Քլինթոնի հետ հանդիպեցի: Առանձին խոսել ենք ու քննարկել վճարվելիք գնի մասին:”

Միացյալ Նահանգներում ժամանակ չեն կորցնում Հայոց Ցեղասպանության բանաձեւի քվեարկության դեմ աշխատանք ծավալելու նպատակով ԱՄՆ ուղեւորված թուրք պատգամավորները: Վերջիններն արդեն սկսել են կատարել առաջադրանքները: Այսօր, իբրեւ առաջին քայլ, նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամըկ Թանը: Պատգամավորները ներկայացրել են իրենց այցի նպատակը եւ կոչ արել կոնգրեսականներին, հրաժարվել բանաձեւը ընդունելու մտքից:

Ասուլիսում խոսել են թուրքական զույգ պատվիրակությունների ղեկավարները: Շաբաթվա վերջին Վաշինգտոն էին մեկնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ղեկավարած նաեւ թուրք-ամերիկյան բարեկամության խմբի պատվիրակությունները:

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ