ՀՅԴ հարցապնդումը

AM-parliament-2sԱյսօր ժամը 14:30-ին ՀՅԴ-ն ԱԺ նիստի օրակարգի քննարկման առարկա է դարձնելու հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների կազմմանը վերաբերող իր հարցապնդումը: «Արդյո՞ք փաստաթղթերի հավաքման, կազմման գործընթացը համապատասխանել է Միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքին»,- հարցնում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` նշելով, որ կառավարության պատասխանն իրենց չի գոհացրել:

Հիշեցնենք, որ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ կառավարությանն ուղղվել էր 23 հարց: Այդ թվում` «Եղե՞լ են արդյոք պայմանավորվածություններ նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու մասին, և եթե այո, ինչպիսի՞ք», «Քննարկվե՞լ է արդյոք հայկական կողմից ստորագրման փուլում վերապահում անելու հնարավորությունը և ինչ բովանդակությամբ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի ուղերձը դիտվում է որպես արձանագրությունների կնքման ընթացքում արված վերապահում, և եթե ոչ, ապա ինչպիսի իրավական նշանակություն ունի ուղերձը կառավարության համար»:

ԱԳ նախարարն առաջին հարցի կապակցությամբ պատասխանել էր, որ նախաստորագրված արձանագրությունները փոփոխելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել և որ ո’չ հայկական, և ո’չ թուրքական կողմը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել: Երկրորդ հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր. «Հայաստանի կողմից վերապահում անելու անհրաժեշտություն չի եղել: Արձանագրությունների դրույթների նշանակության և բովանդակության վերաբերյալ բազմիցս եղել են ՀՀ նախագահի և ՀՀ արտգործնախարարի մեկնաբանություններն ու հայտարարությունները: Ընդ որում, ՀՀ նախագահի ուղերձը հանդիսանում է հայկական կողմի մոտեցումների պաշտոնական արձանագրում»:

ՀՅԴ հարցապնդման քննարկումը՝ ՕԵԿ-ից հետո

Քիչ առաջ պետք է սկսվեր ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված կարգով հայ-թուրքական արձանագրություների քննարկումն Ազգային ժողովի կողմից՝ իբրև ՀՅԴ խմբակցության հարցապնդում։ Սակայն քանի որ հարցապնդում ուներ նաև ՕԵԿ-ը, ապա համաձայն գործող կարգի, առաջին հարցապնդման իրավունքը տրվեց ավելի քիչ անդամ ունեցող ՕԵԿ խմբակցությանը։

Report.am