Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը ՍԴ-ում կսկսվի հունվարի 12-ին
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Սահմանադրական դատարանում կքննվեն հունվարի 12-ին` ժամը 11:00-ին: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Ինչպես ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, արձանագրությունները ուսումնասիրող դատավորը Վլադիրմիր Հովհաննիսյանն է: Ըստ Պապիկյանի, հնեց նա էլ քննարկման ժամանակ կներկայացնի փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետևյալն է։ Արտգործնախարարությունը նախաձեռնում է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո փաստաթղթերն ուղարկվում են Հայաստանի նախագահին: Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է Սահմանադրական դատարան: Այնտեղ քննարկելուց հետո որոշում է կայացվում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ, իսկ որոշումն ուղարկվում է նախագահին:
Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում ՀՀ նախագահը, իր հերթին, փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողով՝ քննարկման և վավերացման: Ազգային ժողովում սահմանված կարգով վավերացվելուց հետո Արտաքին գործերի նախարարությունը արձանագրությունների վերաբերյալ վավերագիր է կազմում և ներկայացնում նախագահի uտորագրմանը:
Վավերագիրն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և արտգործնախարարի uտորագրությամբ: Ավարտական փուլում տեղի է ունենում վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ: