«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը մեծ դեր ունի հայ-թուրքական հարաբերությունների համար»
Արամ Վանեցյան
Վաշինգտոն
«Հայաստանն ու Թուրքիան պետք է ամեն ինչ անեն երկու երկրների միջեւ դրացիական հարաբերություններ հաստատելու ջանքերն իրականություն դարձնելու ուղղությամբ եւ ես հուսով եմ, որ հաշտեցման այս գործընթացը կշարունակվի», Վաշինգտոնի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ երկուշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նախագահի հետ իրենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունեությունը, խոսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին լիցք հաղորդելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դերի կարեւորության մասին։
«Ամերիակայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք նախապայմաններ չներկայացնելու պայմանավորվածության խախտում չէ իր իսկ հայտարարությունն այն մասին, թե «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն ուղիղ կապ ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորմնան հետ», Թուրքիայի վարչապետը պատասխանեց, որ իր երկրի իշխանություններն արել են իրենց կողմից հասանելիքը եւ այժմ խորհրդարանի հերթն է որոշելու հաստատել կնքված արձանագրությունները, թե ոչ։
«Իսկ Թուրքիայի իշխանությունները չեն կարող միջամտել խորհրդարանի աշխատանքներում ու պարտադրել իրենց դիրքորոշումը։ Իսկ մինչեւ խորհրդարանական հանձնաժողովներում այս հարցի քննարկումը, Թուրքիան ցանկանում է դրական զարգացումներ տեսնել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում եւ Մինսկի խմբի ջանքերում», ասաց նա։
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության մյուս հարցին, թե արդյոք հակասություն նա չի տեսնում ադրբեջանական եւ թուրքական մամուլին տված հարցազրույցների եւ միջազգային մամլո ծառայությունների ներկայացրած հարցերի պատասխանների միջեւ, Էրդողանը փաստորեն չպատասխանեց։
Հնարավո՞ր է նա համարում պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի անկողմնակալ գործունեությունն այն դեպքում, երբ Թուրքիայի քրեական օրենսգրքի թիվ 3Օ1 հոդվածով մարդիկ կարող են ենթարկվել դատի թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով։ Այս հարցին ի պատասխան, Թուրքիայի վարչապետն ասաց, թե այս հոդվածն ուժի մեջ է մտնում միայն երկրի արդարադատության նախարարության համաձայնությունը ստանալու դեպքում եւ ցանակացավ շեշտել այն հանգամանքը, որ այս հոդվածով Թուրքիայում մինչ այժմ դատարպարտվել է միայն 8 մարդ։
Մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին թուրքական, հայկական, ամերիկյան ու այլ գործակալությունների մեծաթիվ ներկայացուցիչներ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը ներկայացրեց մյուս այն հարցերը, որոնց շուրջ կենտրոնացել են Օբամայի եւ իր քննարկումները։ Դրանք են. Իրանի միջուկային ծրագիր, իսրայելա-պաղեստինյան խնդիր, Սիրիայի հետ հարաբերություններ, Աֆղանստանի պատերազմ, ահաբեկչության խնդիր, էներգետիկ հարցեր։
Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առաջ եկած խնդիրը պետք է լուծել միայն դիվանագիտական հարաբերությունների միջոցով, ասաց նա, ավելացնելով, որ Թուրքիան Իրանի հետ շարունակելու է բարի հարաբերություններն իր այսօրվա տեսքով եւ պատրաստ է հանդես գալ արդար միջնորդի դերով։
«Չենք ուզում, որ մեր տարածաշրջանում որեւէ երկիր ունենա միջուկային զենք եւ ցանկանում ենք, որ դրանցից հրաժարվեն այն պետությունները, որոնք ունեն այդ զենքերը», հայտարարեց Թուրքիայի վարչապետը, հավանաբար ակնարկելով Իսրայելին։
Անկարան, Թուրքիայի վարչապետի բացատրությամբ կարող է միջնորդի դեր խաղալ իսրայելա-պաղեստինյան խնդիրը լուծելու գործում, եթե «Իսրայելի վարչապետը հրաժարվի իր այն հայտարարությունից, թե չի վստահում Թուրքիայի վարչապետի խոսքերին», ասաց նա։
Էրդողանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների եւ այլ երկրներում թուրք փոքրամասնության խնդիրները լուծելու կարեւորությանը, խոսեց իր երկրում «մամուլի ազատության առաջընթացի» մասին, ներկայացրեց Աֆղանստանի երկու զորամիավորումներ մարզելու Թուրքիայի պատրաստակամությունը։
Իսկ արդյո՞ք Թուրքիան աստիճանաբար չի շեղում իր հայացքն Արեւմուտքից ու գնում դեպի Արեւելք։
Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերով, Թուրքիան երբեք նման քայլի չի գնա ու չի գնում։
«Թուրքիան նայում է դեպի Արեւմուտք՝ առանց Արեւելքը մերժելու», ասաց նա։