Վահան Հովհաննիսյան. Հայաստանի նախագահը պետք է հայտարարի, թե ի վիճակի չէ ազդել խորհրդարանի որոշման վրա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիայի կառավարությունը արձանագրությունների վավերացման հարցում չի կարող ազդել խորհրդարանի վրա, ուղղակի ծիծաղելի է, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Նման հայտարարություն է անում քաղաքական մի գործիչ, որ գլխավորում է կառավարող կուսակցությունն ու մեծամասնություն ունի խորհրդարանում: Անգամ ծիծաղելի է»,- ասել է Հովհաննիսյանը՝ եւ հավելել, թե Հայաստանի իշխանությունների լավագույն պատասխանը կլիներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ընթացքում նա հայտարարեր, թե նույնպես չի կարող ազդել Հայաստանի խորհրդարանի վրա արձանագրությունների վավերացման հարցում: Նա նաեւ Հայաստանի իշխանություններից պահանջել է հանգամանալից պարզաբանել, թե ինչ քայլեր է անելու Երեւանը թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների մերժման կամ ձգձգման դեպքում: «Վերջերս հարցազրույցներից մեկում նախագահի առաջին օգնական Վիգեն Սարգսյանը հայտնեց, թե Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները մինչեւ 2010թ. հունվարի վերջը: Կուզենայի իմանալ, որոնք են լինելու Հայաստանի քայլերը, եթե Թուրքիան այդ ժամկետում չվավերացնի»,- հարց է տվել Հովհաննիսյանը: