«Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում»

GiroManoyan2

-Նորույթն այն է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան. այն, ինչն ամիսներ շարունակ պնդում էին հայկական կողմը և միջնորդ երկրները,- մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը՝ «7օր»-ին ասել էր Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակի այս հայտարարությանը՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է.

-Մեր ընդդիմախոսները կա՛մ չեն ուզում հասկանալ մեր ասածը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում։ Մենք չենք ասել, թե արձանագրություններում նախապայմաններ կան։ Արձանագրությունները Թուրքիայի նախապայմանները բավարարո՛ւմ են։ Թող ա՛յդ մասին ասեն, թե չկա,- «7օր»-ին ասել է Կ. Մանոյանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական արձանագրություններում Թուրքիայի 3 նախապայմաններից 2-ը՝ Թուրքիայի սահմանների ճանաչում և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում, բավարարվում են, իսկ 3-րդ նախապայմանը՝ կապված Լեռնային Ղարաղաղի հակամարտության կարգավորման հետ, բավարվում է առկա գործընթացով։

Այն, որ Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչև Էրդողան-Օբամա հանդիպումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որևէ եզրակացություն չտվեց, համահունչ է ԱՄՆ նախագահի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետի հայտարարությանը։ Այս մասին «7օր»-ին ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

-Ասել է, թե իրենք խոսեցին նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կախված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։ Նույն մոտեցումն է, որ իրենք հայտարարել էին մինչև արձանագրությունները ստորագրելը և ստորագրումից հետո, և փաստորեն այսպես էլ շարժվում են։ Այսինքն՝ որովհետև Ղարաբաղի հարցն ըստ իրենց ցանկացածի չի կարգավորվել, իրենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթաց չեն արձանագրել,- նշել է Կ. Մանոյանը՝ նաև հավելելով, որ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե Օբամա-Էրդողան հանդիպումը թուրք-ամերիկյան հարաբերությունների համար բավական հաջողված է եղել։

7or.am