ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հայ-թուրքական արձանագրությունների դեմ հանդես եկող կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների
Մենք` հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերս, վերահաստատելով մեր պայքարի վճռականությունը, արձանագրում ենք, որ.
– չնայած արձանագրությունների պարունակած վտանգներին և այդ կապակցությամբ հայության արտահայտած բողոքին, ՀՀ իշխանությունները, այդուամենայնիվ, ստորագրեցին հիշյալ փաստաթղթերը: Հարկ է նշել, որ արձանագրություններում առկա տերմինները և ձևակերպումները այլևս մեկնաբանվելու են ոչ թե կողմերի կամայական և իրարամերժ պարզաբանումների հիման վրա, այլ միջազգային նորմերին և պրակտիկային համապատասխան,
– անփառունակ վախճան ունեցավ բանակցային փուլը և սկիզբ առավ արձանագրությունների կնքման ներպետական գործընթացը: Այսուհետ հակաազգային և հակապետական այս փաստաթղթերի վերջնական վավերացման կանխումը Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի իրավասությունների մեջ է:
Անվիճելի իրողություն է, որ Թուրքիան այս արձանագրությունների միջոցով հասել է իր երկու նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ամրագրմանը: Այն է` Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելուն և այս կապակցությամբ միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտմանը, ինչպես նաև առկա հայ-թուրքական ապօրինի սահմանի օրինականացմանը:
Միևնույն ժամանակ Թուրքիան, հետևողականորեն չհրաժարվելով իր հաջորդ նախապայմանից, օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը և, օգտագործելով այս երկու գործընթացների միաժամանակյա ակտիվացումն ու դրանց շուտափույթ հանգուցալուծման հարցում միջազգային կառույցների և մյուս երկրների շահագրգռությունը, ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ:
Ստեղծված իրավիճակում դեռևս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման այս վտանգավոր ընթացքը:
Առ այդ, Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի Անկախության Հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, և խախտվել են ՀՀ Սահմանդրության 83.5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պայմանները, պարտավոր է այս արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող:
Իսկ ՀՀ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու դեպքում խորհրդարանը այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք:
Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին և մեր հետագա գործողություններին:
2009թ. դեկտեմբերի 1