Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ուսումնասիրում են

AM-ConstCourtՀայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարանում դեռևս գտնվում են ուսումնասիրման ընթացքում: Այդ մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

«Շատ բարդ գործընթաց է, և ուսումնասիրող դատավորը շարունակում է ուսումնասիրել արձանագրությունները», -հավելեց Առուշան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ արձանագրություններն ուսումնասիրող դատավոր է նշանակվել ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը և, ըստ Հակոբյանի, վերջինս մինչև ամսվա կեսերը` 25 օրերի ընթացքում, դեռևս ժամանակ ունի ուսումնասիրելու արձանագրությունների բովանդակությունը:

Նկատենք, որ նշված փաստաթուղթը Սահմանադրական դատարան է մուտքագրվել նոյեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը հետևյալն է` Արտգործնախարարությունը նախաձեռնում է ստորագրված փաստաթղթերի միջգերատեսչական ընթացակարգ, ինչից հետո փաստաթղթերն ուղարկվում են ՀՀ նախագահին: Երկրի ղեկավարը ստորագրված արձանագրություններն ուղարկում է Սահմանադրական դատարան: Այնտեղ քննարկելուց հետո որոշում է կայացվում արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ, իսկ որոշումն ուղարկվում է նախագահին:

Համապատասխանության մասին որոշում կայացվելու պարագայում ՀՀ նախագահը, իր հերթին, փաստաթղթերն ուղարկում է Ազգային ժողով՝ քննարկման և վավերացման: Ազգային ժողովում սահմանված կարգով վավերացվելուց հետո Արտաքին գործերի նախարարությունը արձանագրությունների վերաբերյալ վավերագիր է կազմում և ներկայացնում նախագահի ստորագրմանը:

Վավերագիրն ամրագրվում է Հայաստանի Հանրապետության կնիքով և արտգործնախարարի ստորագրությամբ: Ավարտական փուլում տեղի է ունենում վավերագրերի փոխանակում, որից հետո դրանք մտնում են ուժի մեջ:

Panorama.am