Կատարե՜ք Ձեր խոստումը, պարո՜ն նախագահ
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի ընդունումից հետո նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Նամակում, մասնավորապես ասված է. «Ես գրում եմ ամերիկահայերի, ԱՄՆ հայ համայնքի բարեկամների եւ մեր ազգի այն ներկայացուցիչների անունից, ովքեր հանդես են գալիս ցեղասպանությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու օգտին:
Մենք մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Ձեր վերջին արշավի կապակցությամբ, որը միտված էր արգելակելու հանձնաժողովի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչումը: Ձեր վարչակազմի քայքայիչ գործունեությունը հստակ վկայությունն է այն բանի, որ Դուք չեք կատարում նախընտրական քարոզարշավի ժամանակ ստանձնած պարտավորությունները:
Լինելով սենատոր` Դուք քննադատել եք Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշի` Ցեղասպանության հարցում լռություն պահպանելու քաղաքականությունը` այն աններելի որակելով:
Պարո՜ն նախագահ, այդ պահվածքով Դուք դառնում եք Թուրքիայի հանցավոր քաղաքականության մեղսակիցը: Ես Ձեզ կոչ եմ անում` կատարել Ձեր խոստումը»: