Կիրո Մանոյան. «Հայաստանը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի»

Երեւան – Թեեւ նախորդ անգամների պես ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը, սակայն այս անգամ դա իրականացավ մեծ դժվարությամբ: «Երեկվա որոշումը մեր բոլոր հարցերի լուծումը չէ, բայց ամերիկյան քաղաքական դաշտում հայկական եւ թուրքական ուժերի մրցակցության հերթական հանգրվանն է, իսկ հայկական կողմը հաղթեց բավական դժվարությամբ»,- «Ուրբաթ» ակումբում մարտի 5-ին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Բանաձեւի ընդունումը, ըստ նրա, լուրջ ճնշում էր Թուրքիայի եւ Սպիտակ տան վրա. Թուրքիային ճնշում են, որ լուրջ վերաբերվի Հայաստանի հետ բանակցություններին, իսկ Սպիտակ տանը` որ պատճառաբանություններով չփորձի խոչընդոտել Ցեղասպանության ճանաչմանը Կոնգրեսում:

Դաշնակցական գործչի կարծիքով` Միացյալ Նահանգների հասցեին Թուրքիան, բնականաբար, սպառնալիքներ կտեղա: «Սակայն եթե այս բանաձեւով պետք է վատանան թուրք-ամերիկյան հարաբերությունները, ուրեմն այդ հարաբերությունները ի սկզբանե խախուտ են: Թուրքիան բոլորին է սպառնացել: ՆԱՏՕ-ի անդամ 10-11 երկիր ճանաչել են Ցեղասպանությունը: Բոլորին էլ Թուրքիան սպառնացել է՚,- նշեց բանախոսը` հավելելով, որ այդ սպառնալիքները ժամանակավոր են:

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը: «Ճիշտ կլինի, որ այսօր մեր ԱԺ նախագահը շնորհակալական նամակ ուղարկի Ներկայացուցիչների պալատի նախագահին` նշելով, որ ակնկալում է բանաձեւի` նաեւ լիագումար նիստում քննարկում: Չնայած Հայաստանի նախագահը «Ալ Ջազիրա» հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել էր, որ կողմ է բանաձեւի անցկացմանը, բայց, ըստ երեւույթին, դա կոնգրեսականներին չի հասել: Բնականաբար, ավելի ճիշտ կլինի, որ նախագահի կեցվածքը արտահայտվի պաշտոնապես»,- նշեց բանախոսը` հավելելով, որ եթե Թուրքիան պաշտոնապես հակազդում է, Հայաստանը եւս պետք է պաշտոնապես դիրքորոշում հայտնի:

Հայաստանը անելիք ունի նաեւ Թուրքիայի հետ բանակցություններում: Դա, ըստ Կիրո Մանոյանի, բանակցություններից օր առաջ դուրս գալն է: Միանշանակ է, որ արձանագրությունների առկայությունը խոչընդոտ է Ցեղասպանության փաստի ճանաչման համար: Դրա վկայությունն այն է, որ բանաձեւն ընդունվեց 1 ձայնի տարբերությամբ միայն, այն դեպքում, երբ Սպիտակ տան կողմից չկար լուրջ հակազդեցություն: Իսկ 2007 թվականին, երբ նախագահ Բուշը անձամբ էր զանգահարում կոնգրեսականներին` հորդորելով ընդունել բանաձեւը, այն ընդունվեց 26:21 հարաբերակցությամբ:

«Պարզ է, որ Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները. այս եւ նման բանաձեւերը պարզապես որպես պատրվակ կարող է օգտագործել: Սա եւս առիթ է, որ Հայաստանը հայտարարի` արձանագրություների վավերացման գործընթացը Թուրքիայի մեղքով տապալվել է: Իշխանությունը պետք է հայտարարի, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, եւ կբանակցենք այն օրը, երբ Թուրքիան եւս որոշի առանց նախապայմանների բանակցել: Ճիշտ է` մեր դուրս գալը որոշ արտաքին շրջանակներում մեծ դժգոհություններ կառաջացնի, բայց դա չարյաց փոքրագույնն է: Մենք ավելի թանկ ենք վճարելու` այս գործընթացում մնալով՚,- նշեց բանախոսը:

Նա որեւէ երաշխիք չի տեսնում, որ բանաձեւը կընդգրկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստերի օրակարգ, բայց հավանականությունը մեծ է: Դա կախված է չորս հանգամանքից. «Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի հակազդեցությունը, Սպիտակ տունը կակտիվանա՞ բանաձեւի դեմ, թե՞ ոչ, Հայաստանը ի՞նչ կասի այս ուղղությամբ, քանի որ դեմ քվեարկողները հիմնականում պատճառ էին բերում բանակցությունները, նաեւ հայկական համայնքից»:

Ըստ Կ. Մանոյանի` անկախ բանաձեւի ընդունումից, ԱՄՆ նախագահը պարտավորված չէ ապրիլքսանչորսյան ելույթում արտասանել «ցեղասպանություն» բառը: Չասելու պատճառն էլ, ըստ բանախոսի, հայ-թուրքական բանակցությունները չեն: Դրանք ընդամենը առիթ են:

«ԵՐԿԻՐ»