Հայաստանի ԱԺ պատվիրակությունը մեկնելու է Վաշինգտոն

ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Մարկ Քըրքի եւ Ֆրենկ Փալոնի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը մարտի 3-ին մեկնելու է Վաշինգտոն:

Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը (Հանրապետական կուսակցություն), Արմեն Մելիքյանը («Բարգավաճ Հայաստան»), Վահան Հովհաննիսյանը (ՀՅ Դաշնակցություն) եւ Կորյուն Նահապետյանը (Հանրապետական խմբակցություն):

Վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկվելու են հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Ղարաբաղյան կարգավորմանը եւ հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր:

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Հիշեցնենք, որ բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով ԱՄՆ-ում են թուրքական երկու պատվիրակություններ: Վաշինգտոն է պատրաստվում մեկնել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«ԵՐԿԻՐ»