Archive for March 17th, 2010
Շվեդիայի վարչապետը կկանգնի դատարանի առաջ
Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի` մեղադրելով Ռիկսդագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նկատմամբ դեմ հանդես գալու համար. “Նման դիրքորոշումը նշանակում է, որ իշխանությունները դեմ են դուրս գալիս ժողովրդի որոշմանը”:
Էրդողանը սպառնում է արտաքսել հայաստանցիներին
Թուրքիայի վարչապետը Լոնդոնում կայացած ասուլիսում հիշեցնելով, որ իր երկրում Հայաստանի 100 հազար քաղաքացի է ապրում, սպառնացել է նրանց արտաքսել երկրից. “Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում…”:
Դավութօղլուն բացեց արձանագրությունների տողատակերը
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում հայկական բանաձեւերի ընդունումից հետո թուրք ընդդիմությունն առաջարկել է խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Մինչդեռ արտգործնախարար Դավութօղլուն բացատրել է արձանագրությունների իրական նշանակությունն իրենց համար` որակելով դրանք որպես զսպման միջոց:
Էրդողանը Օբամայի հրավերը մերժեց
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլ ամսին չի մեկնի Վաշինգտոն. “Վաշինգտոնում կայանալիք միջուկային էներգետիկային նվիրված միջազգային վեհաժողովին Թուրքիան կներկայացնի մեկ ուրիշը: Թե ով, ես առայժմ չգիտեմ”: Իսկ անցյալ շաբաթ Օբամայի ուղարկած հրավերները թույլ էին տվել ենթադրել, որ Վաշինգտոնում կկայանար Օբամա-Էրդողան-Սարգսյան եռակողմ հանդիպում:
Թուրքիայում դռնփակ խմորումներ են
Թուրքիայում է Եվրամիության ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Թուրքիա-Եվրամիություն ռազմավարական հեռանկարներ, եվրաինտեգրման գործընթաց եւ տարածաշրջանային հարցեր. այս թեմաներն են քննարկվել Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նամակ Կոնգրեսին` արդարության կոչով
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին, Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման 252 բանաձեւը ընդունելու կոչով` բաց նամակ են ուղղել Հայաստանում եւ Արցախում գործող կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները: Նամակով նրանք հավաստիացնում են, որ լիագումար նիստում բանաձեւի հաստատումը ոչ միայն չի խոչընդոտի հայ-թուրքական գործընթացին, այլեւ կօժանդակի:
“Կոնգրեսի վրա պետական ազդեցություն է պետք”
Վահան Հովհաննիսյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար. “ԱՄՆ-ի պետքարտուղարը Հայաստանի նախագահին ապրիլի 20-ին հրավիրում է Էրդողանին հանդիպելու Միացյալ Նահանգներում: Սա հերթական ծուղակն է եւ միտված է նրան, որպեսզի ապրիլի 24-ին Օբաման չարտասանի Ցեղասպանություն բառը”:
Գործընթացից դուրս գալը հեղինակության հարց է.
“Թուրքիայի վերջին հայտարարությունները թույլ են տալիս մտածել, որ թուրքերն արձանագրությունները չեն վավերացնելու”,- հայտարարել է Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ավելացրել է, որ այս պարագայում Հայաստանի` բանակցային գործընթացից դուրս գալը հեղինակության հարց է: