Թուրքիայի խորհրդարանի նախագահին հայտնի չեն արձանագրությունների վավերացման ժամկետները

MehmetAliSahinԵրեւան (Երկիր) – Թուրքիան ցանկություն ունի բարելավելու հարաբերությունները հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ, Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը:

Ինչպես տեղեկացնում է CNN-Turk-ը նա ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունները ներկայումս քննարկվում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: «Սակայն ո’չ ես, ո’չ մեկ ուրիշը չի կարող ասել, թե դրանք երբ կվավերացվեն»,- ասել է Շահինը:

Իսկ թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ «հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն խելամիտ ժամկետներում», տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկու երկրների խորհրդարանների նախագահները Մոսկվայում են Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով: