Թուրք պաշտոնյաները խոստովանում են, որ խաղեր են խաղում արձանագրությունների հետ

Արձանագրությունների հետ կապված թուրք պաշտոնյաների խաղերն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ ու անհեթեթ են դառնում:

Երկար ամիսներ տևած բանակցությունների ամբողջ ընթացքում ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ թուրք պաշտոնյաներն անկեղծ չեն Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իրենց հայտարարած մտադրություններում: Կեղծ տպավորություն ստեղծելով, որ իբր թե հաշտեցման են ձգտում Հայաստանի հետ, թուրք ղեկավարները պարզապես ցանկացել են կանխել այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության հետագա ճանաչումը, Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել Արցախի հարցում և խափանել ապագա հողային պահանջները Թուրքիայից:

  Նախ և առաջ՝ Թուրքիան ձգձգեց Ճանապարհային քարտեզի բացահայտումը մինչև Ապրիլի 24-ից երկու օր առաջ՝ կանխելու Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագահ Օբամայի տված խոստման կատարումը: Արձանագրությունները վերջապես ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին, ապահովելով նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա՝ դիտելու երկու երկրների ազգային հավաքականների միջև կայանալիք ֆուտբոլային խաղը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ չեն բացի սահմանը, և նրանց խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Հայաստանն Արցախը չի վերադարձրել Ադրբեջանին, չնայած նման պահանջ ստորագրված փաստաթղթերում չկա: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման օրվանից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն ոչ մի նախանշան չկա, որ թուրքական խորհրդարանը դրանք շուտով կվավերացնի:

Արձանագրությունների ստորագրման նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնեցին Ադրբեջան մեկ անգամ ևս հավաստիացնելու, որ նրանք մտադրություն չունեն բացելու Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Արցախը չի վերադարձվել Ադրբեջանին:

Կարծես թե այս վրդովեցուցիչ նախապայմանները բավարար չէին արձանագրությունների հանդեպ հայերի վստահությունը խախտելու համար, թուրք պաշտոնյաները ոչ մի փորձ չեն ձեռնարկում իրենց խաբուսիկ ծրագրերը քողարկելու համար:

Թուրքական «Hurriyet» թերթն իր հոկտեմբերի 5-ի համարում վկայակոչելով Անկարայում արտաքին գործերի նախարարության պաշտոնյաններին, նշում է, որ «Համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու սահմանի վերաբացումն ներառված են փաստաթղթերում: Սակայն դրանք գործողության մեջ կդրվեն միայն ղարաբաղյան խնդրի լուծումից հետո: Առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման այս արձանագրությունները չեն կարող դրվել խորհրդարանի քննարկմանը: Անգամ այդ դեպքում, խորհրդարանը դրանք չի վավերացնի: Այնպես որ հանգիստ եղեք»:

 Որպեսզի համոզեն ադրբեջանցիներին, որ Թուրքիան չի ծրագրում վավերացնել արձանագրությունները, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաները պարծեցել են եվրոպացիներին խաբելու իրենց մյուս հաջողություններով. «Կիպրոսի հարցով Թուրքիան ստիպված էր պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ: Ի՞նչ տեղի ունեցավ: Միթե՞ Թուրքիան բացել է իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի նավերի և օդանավերի առաջ, չորս տարի անց»:

Այժմ առկա են համոզիչ ապացույցներ, որ թուրք պաշտոնյաներն անհիմն չէին պարծենում, նշելով, որ պայմանագիր ստորագրելը նրանց համար ոչ մի արժեք չունի: «Today’s Zaman»-ի հոկտեմբերի 25-ի համարում մեկնաբան Էրքան Յավուզը տասնյակ օրինակներ է բերում տարիների ընթացքում Թուրքիայի կողմից ստորագրված, բայց այդպես էլ չվավերացրած պայամանգրերի վերաբերյալ: Ներկայումս, գոյություն ունեն 146 պայմանագրեր 95 երկրների հետ, այդ թվում Արգենտինայի, Ադրբեջանի, Լիբիայի,Սլովենիայի, Շվեդիայի և Սիրիայի, որոնք սպասում են խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողվի հաստատմանը: Ամենահին պայմանագիրը, որը 26 տարի առաջ ստորագրվել է Իրաքի և Թուրքիայի միջև, դեռևս սպասում է Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: 2004 թվականից ի վեր շատ այլ կարևոր պայմանգրեր են ստորագրվել, սակայն մինչ օրս չեն վավերացվել:

Հաշվի առնելով թուրքական կողմի տխրահռչակ անցյալը՝ իրենց երկրի ընդունած պարտավորությունների կատարմանը լրջորեն չվերաբերվելու մասին, Թուրքիայի խորհրդարանի կողմից մոտ ապագայում հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելը ոչ մեկի համար անակնկալ չի լինի: Անշուշտ, չվավերացնելով արձանագրությունները Թուրքիան խախտում է դրանք  «ժամանակին» վավերացնելու օգոստոսի 31-ին տված իր գրավոր խոստումը:

 Հետաքրքրական է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Reuters» գործակալությանը վերջերս տված իր հարցազրույցում հարցնում է. «Ինչու՞ ստորագրել արձանագրությունները, եթե դրանք չեն վավերացվելու»: Պատասխանն ակնհայտ է.  թուրքական կառավարությունը շահագրգռված է միջազգային հանրության առջև բարձրացնելու իր հեղինակությունը՝ կեղծ տպավորություն ստեղծելով, որ ձգտում է «բարի դրացիական հարաբերություններ» հաստատել Հայաստանի հետ, առանց որևէ իրական քայլ անելով այդ ուղղությամբ:

Հայ պաշտոնյաները խորապես սխալվում են, կարծելով, որ արձանագրությունները չվավերացնելու դեպքում Թուրքիան միջազգային ուժեղ ճնշման տակ կընկնի: Թուրքիան հաճախ է ապացուցել իր  անձեռնմխելիությունն այլ երկրների կողմից կիրառվող ճնշումների հանդեպ, այդ թվում Միացյալ Նահանգների, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի պատերազմի նախօրեին, երբ Թուրքիան մերժեց ԱՄՆ զորքերին հատել իր երկրի սահմանը Իրաք մտնելու համար:

 

Արտաքին ճնշման առկայության դեպքում թուրք ղեկավարները պարզապես կմեղադրեն Հայաստանին, ընդգծելով, որ նրա կողմից Արցախի հարցում որևէ զիջում չկատարելն անհնարին դարձրեց թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը:

Հայ պաշտոնյաները բազմաթիվ անգամ հաստատել են, որ Արցախի բանակցությունները որևէ կապ չունեն արձանագրությունների հետ, և Հայաստանի Ազգային ժողովն արձանագրությունները չի վավերացնի Թուրքիայից առաջ, հավելելով, որ նրանք դեն կնետեն պայմանագիրը, եթե Թուրքիան անկարող լինի «ժամանակին» վավերացնել այն:

Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանը կկատարի Արցախի հարցում տարածքային որևէ զիջում չանելու իր խոստումը, և եթե Թուրքիան հրաժարվի վավերացնել արձանագրությունները մի քանի ամիս անց, արդյո՞ք Հայաստանի ղեկավարները խիզախություն կունենան ստորագրված արձանագրություններն անվավեր  հայտարարել:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան

7or.am