Ղարաբաղի հարցը` Բարաք Օբամա-Իլհամ Ալիեւ հեռախոսազրույցի հիմքում
Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի նախագահներ Բարաք Օբաման եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Խոսակցության հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սպիտակ տան ղեկավարն աջակցություն է հայտնել հիմնախնդրի լուծմանը եւ հավաստել երկու պետությունների միջեւ հարաբերություններն ամրապնդելու մտադրությունը: Օբաման նաեւ կարեւորել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը, ինչը կնպաստի տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը:
Ադրբեջանն Օթելլո է խաղում
Հայ-թուրքական կարգավորվող հարաբերությունները հերթական հիստերիան են առաջացրել Ադրբեջանում: Երկրի քաղաքական կուսակցությունները Մինի Մեջլիսում համատեղ քննարկումներ են անցկացրել եւ հայտարարություն ստորագրել` Հայաստանի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ կառուցելու` Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ: “Ենի Ազերբայջան” կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ նշվել է, որ թուրքական պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները կարող են լուրջ վնաս հասցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրությանը եւ, ընդհանրապես, թուրքական միասնականությանը: Ադրբեջանական մի քանի կուսակցություններ հայ-թուրքական սահմանի բացումը համարել են “տնտեսական եւ բարոյական աջակցություն, իրենց խոսքով` “ագրեսոր” երկրին, ինչը բացասական ազդեցություն է ունենալու ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները համատեղ որոշում են ընդունել, որով թուրք գործընկերներին կոչ է արվում բոյկոտել հայ-թուրքական սահմանի բացումը: Կոչին միացել են Ադրբեջանի Գրողների միությունը, մտավորականության ներկայացուցիչներ: