Մեծապատիվ մուրացկանը Ադրբեջանից

Իլհամ Ալիեւն անդրդվելի էր Ստամբուլում անցկացվող Քաղաքակրթությունների դաշինքի խորհրդաժողովին չմեկնելու որոշման մեջ: Մինչդեռ նրան այդ դեմարշից հետ պահելու համար զանգահարել են Թուրքիայի նախագահն ու վարչապետը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարը: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն ու թուրքական “Հյուրիյեթը”: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն կարողացել տարհամոզել Ալիեւին, գործին միացել է ամերիկյան դիվանագիտության ղեկավար Հիլարի Քլինթոնը: Սակայն նույնիսկ Ստամբուլում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպելու` նրա առաջարկած հեռանկարն Ադրբեջանի ղեկավարին չի ստիպել փոխել որոշումը: Թուրքական աղբյուրների համաձայն, հեռախոսային բոլոր զրույցներում Ալիեւը բողոք է արտահայտել հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի առնչությամբ, ինչն, իր խոսքով, բացասական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում զարգացումների ու երկու երկրների հարաբերությունների վրա: Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում անցկացվող Քաղաքակրթությունների դաշինքի խորհրդաժողովին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ հաղորդագրությունների պատճառով:

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ