Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է մեկնել Ստամբուլ

Ինչպես նախապես հայտարարվել էր, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Ստամբուլ կատարելիք այցը չի կայանա։ Այսօր երեկոյան, Երեւան-Ստամբուլ ուղերթով Էդվարդ Նալբանդյանը մեր տեղեկություններով չի մեկնել Ստամբուլ։ Միաժամանակ, գրեթե նույն ժամին նա պարզաբանում է տվել “Ինտերֆաքս” լրատվական գործակալությանը։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Ինտերֆաքս” ռուսական լրատվական գործակալությանը մեկնաբանություն է տվել այն հարցի շուրջ, որ “վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից հայտարարություններ են արվել, ըստ որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները”:

Էդվարդ Նալբանդյանը շեշետել է , որ “Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ:  Հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ”:

Անցնող 2 օրերին Թուրքիայի նախագահը եւ վարչապետը հրապարակային ելույթներում հայ-թուրքական սահմանի բացումը հերթական անգամ պայմանավորել էին ղարաբաղյան հարցի լուծմամբ եւ շեշտել, որ այն մոտ ապագայում տեղի չի ունենա։

Այսօր Էդվարդ Նալբանդյանը վերջին պահին, մեր հեռուստաընկերությանը հասած տեղեկությունների համաձայն, հրաժարվել է մեկնել Ստամբուլ, ուր նա պետք է մասնակցեր “Քաղաքակրթությունների երկխոսություն” միջազգային համաժողովին, որի մասին Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել նախօրենին։

Ի դեպ, Երեւան-Ստամբուլ չվերթը, նախատեսված ժամը 22.06-ին, իրականացվել է մոտ 40 րոպե ուշացումով՝ ժամը 23.06-ին։

ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ