Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ

Էմիլ Դանիելյան

Ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ` մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ հնարավոր է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «զուսպ լավատեսություն» արտահայտեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կապակցությամբ` հավելելով. – «Հայաստանն ու Թուրքիան երկար բանակցային ճանապարհ են անցել, եւ մենք հույս ունենք մեր կառուցողական երկխոսությունը հասցնել տրամաբանական ավարտին»:

Ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով Թուրքիա կայցելի նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Այս առիթով որոշ թուրքական եւ միջազգային լրատվամիջոցներում վերջին շրջանում լուրեր են հրապարակվում, թե առաջիկայում, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հնարավոր է, որ սահմանի բացման շուրջ պայմանավորվածության ձեռք բերվի երկու կողմերի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մասնավորապես, ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal օրաթերթը գրել է, թե ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարարի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավոր է սահմանի բացման շուրջ պայմանագրի ստորագրումը: Տիգրան Բալայանը այս առիթով որեւէ մեկնաբանություն չտվեց:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»