Wall Street Journal. «Թուրքիան եւ Հայաստանը կարող են շուտով հայտարարել սահմանի բացման մասին»

Հրաչ Մելքումյան, Պրահա

Թուրքիան եւ Հայաստանը կարող են շուտով հայտարարել սահմանի վերաբացման ու հարաբերությունների վերականգնման համաձայության մասին, – գրում է Wall Street Journal թերթը` վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Այդ գործընթացը, ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, կօգնի կայունացնել տարածաշրջանը, որը գնալով ավելի ու ավելի կարեւոր է դառնում նավթի ու գազի փոխադրման համար:

Համաձայնության գալու ժամկետը կապվում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` եկող շաբաթ Թուրքիա կատարելիք այցի հետ: Wall Street Journal-ի աղբյուրները նույնիսկ նշել են, թե քննարկվում է հայ – թուրքական համաձայնագրի ստորագրման ամսաթիվը, որը կարող է լինել ապրիլի 16-ը:

Ամերիկյան պարբերականը գրում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունները համաձայնության են եկել պաշտոնական բանակցություններ վարել երեք ուղղությամբ` բացել եւ ֆիքսել երկու երկրների միջեւ սահմանը, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ հանձնախմբեր ձեւավորել երկու երկրների միջեւ առկա խնդիրները քննարկելու համար:

Երկու երկրներում էլ այս համաձայնության դեմ ուժեղ հակազդեցություն կա, նույնը եւ` Ադրբեջանում: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին` որպես բողոք Lեռնային Ղարաբաղը «օկուպացնելու» դեմ, որը ուղեկցվել է արյունալի պատերազմով: Այդ հակամարտությունը մնում է չլուծված, նշում է թերթը:

Սակայն արեւմտյան մայրաքաղաքներում հնարավոր համաձայնությունը դիտարկվում է որպես պոտենցիալ հաջողություն, որը կնպաստի Կովկասում կայունության հաստատմանը: Տարածաշրջանը լի է չլուծված հակամարտություններով, իսկ անցած տարվա օգոստոսին պատերազմ տեղի ունեցավ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ:

Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, ըստ է Wall Street Journal-ի, «կստեղծի նոր եւ դրական դինամիկ» հարաբերություններ ամբողջ տարածաշրջանում:

Թերթը մեջբերում է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի խոսքերը. – «Տնտեսական ու տրանսպորտային ուղիների զարգացմանը մենք նպաստել ենք` սկսած Խորհրդային Միության փլուզումից»:

Wall Street Journal-ը գրում է, որ հինգշաբթի օրը Բրայզան այցելում է Ադրբեջան` քննարկելու, թե հայ – թուրքական համաձայությունը ինչպես կարող է նպաստել Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ջանքերին:

Հրապարակման մեջ նշվում է, որ հայ – թուրքական հարցին անդրադարձել է նաեւ Բարաք Օբաման` իր նախընտրական քարոզարշավում խոստանալով աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը Կոնգրեսի կողմից:

Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի կառավարությունը հույս ունի, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը կարող է դրդել Սպիտակ տանը չճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ արգելափակել Կոնգրեսի բանաձեւը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Միացյալ Նահանգները փորձում է օժանդակել Հայաստանի հետ համաձայնությանը: Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել իրենց բանակցությունների կարգավիճակը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը անցյալ շաբաթ հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահի հետ կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկելու է Lեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության եւ Ռուսաստանի ու Վրաստանի հետ հարաբերությունների թեմաները:

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»