Ալի Բաբաջան. «Մենք առաջընթաց գրանցեցինք երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում»
Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում երկու կողմերի միջեւ առաջընթաց է արձանագրվել:
Թուրքական «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, Ալի Բաբաջանը կարճատեւ հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Մենք մեր համատեղ խնդիրները քննարկելու պլատֆորմ ունենք», – Գերմանիայում լրագրողներին ասել է Բաբաջանը: – «Մենք առաջընթաց գրանցեցինք երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված քննարկումներում»:
Բաբաջանը նաեւ նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունները ամենակարեւորն են Առաջին աշխարհամարտից հետո` հավելելով, որ պատրաստ է ընդունել նաեւ միջնորդների մասնակցությունը այս գործընթացին:
Բաբաջանի հետ հանդիպմանն է անդրադարձել նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, խոսելով Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում, երեկ ասել է. – «Մենք շարժվում ենք դեպի առաջ եւ ավելի մոտենում հարաբերությունների կարգավորմանը»:
«Իմ թուրք գործընկերոջ հետ մենք օգտագործում ենք բոլոր այսպիսի առիթները` միջազգային կոնֆերանսների, ֆորումների, որպեսզի եւս մեկ անգամ հանդիպենք, քննարկենք», – ասել է Նալբանդյանը: – «Գլխավոր հարցերը նվիրված են մեր հարաբերությունների կարգավորմանը»: