Դավոսում տեղի է ունեցել Նալբանդյան-Բաբաջան հանդիպումը
Երեւան – Հունվարի 28-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ալի Բաբաջանը հանդիպումից հետո հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում Դավոսում նախատեսվում է իր երկրորդ հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ:
«Եթե հանդիպումների ընթացքում կոնկրետ արդյունքներ ձեռք բերվեն` կհայտարարենք: Գործընթացը շարունակվում է»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա նշել է, որ 2009 թվականը կարող է բեկումնային լինել: «Ես ամենեւին էլ չեմ զարմանա, եթե այս տարի այդ հարցին լուծում գտնվի: Բավական է, որ կողմերը թեմայի առնչությամբ շարունակեն քաղաքական կամք դրսեւորել: Ներկա պահին մենք ունենք այդ կամքը, դա նկատում ենք նաեւ Հայաստանի մոտ: Սակայն կարեւոր է գործը տանել մինչեւ վերջ»,- ասել է Ա.Բաբաջանը:
Թուրքիայի արտգործնախարարը կարեւորել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: