Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից»
Երեւան – ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 21-ին ամփոփեց 2008-ի արտաքին քաղաքական զարգացումները, մեկնաբանեց մի շարք առաջնահերթ խնդիրներ, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու հարցը: Նախարարը նաեւ հաստատեց, որ մեր երկիրը մասնակցելու է Կայունության եւ խաղաղության պլատֆորմի շուրջ Անկարայում անցկացվելիք հանդիպմանը:
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի` ամերիկյան նոր վարչակազմին ուղղված նախազգուշացմանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկզբնավորվող երկխոսությանը` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ես չգիտեմ` ինչպես է իմ թուրք գործընկերը նման հայտարարություն արել: Ես էլ կարող եմ հակառակն ասել` որ նման հայտարարություններն են խոչընդոտում հարաբերությունների կարգավորմանը»:
Նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել եւ նույնը սպասում է Անկարայից: Ի պատասխան լրագրողների հարցին, թե Հայաստանն ինչ գին է պատրաստ վճարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դիմաց, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ չկա այդպիսի գին, եւ նման հարցադրում չպիտի լինի: Ըստ Հայաստանի արտգործնախարարի` Թուրքիան Հայաստանին լավություն չի անում` սահմանը բացելով. դա ձեռնտու է նաեւ Թուրքիային:
Է.Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը երբեք եւ ոչ մի պատրվակով չի խնդրի Սփյուռքին դադարեցնել աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին` Է.Նալբանդյանն ասաց, որ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությունն է: Ինչ վերաբերում է միջնորդների կանխատեսումներին, թե 2009-ի առաջին կիսամյակում հնարավոր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրում, նախարարը հիշեցրեց, որ նման կանխատեսումներ արվել են նաեւ նախկինում, սակայն նման բարդ բանակցություններում ժամկետներ սահմանելը ճիշտ չէ: