Կիրո Մանոյան. «Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է»

Երեւան – Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հարցը չի ընդգրկված առաջնահերթությունների օրակարգում, որովհետեւ երկրում կան բավական լուրջ ներքին խնդիրներ: «Ուրբաթ» ակումբում հունվարի 19-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Եթե Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող ձերբակալությունները, հատկապես «Էրգենեկոնի» հետ կապված, իշխանությունները հասցնեն մինչեւ վերջ, ապա, ըստ Կ.Մանոյանի, երկիրը կա’մ կապակայունացվի, կա’մ տեղի կունենան դրական փոփոխություններ, որոնք կհանգեցնեն Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: Միաժամանակ, բանախոսը կարծում է, որ Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է:

Խոսելով թուրք մտավորականների նախաձեռնած «Ներողություն եմ խնդրում» արշավին` Կիրո Մանոյանը նշեց, որ դրա նպատակը «ցեղասպանություն» բառի օգտագործումից, դրանով նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելն է. «Այս թեմայով տարբեր հարցազրույցներում նախաձեռնողներից Բասքին Օրանը ասել է, որ ընդհանրապես դեմ է «ցեղասպանություն» բառի օգտագործմանը, որովհետեւ ինքը չի գտնում, որ կատարվածը ցեղասպանություն է. դա ողբերգություն է»:

Կիրո Մանոյանի կարծիքով` Թուրքիայի պետական որոշ շրջանակների համաձայնությամբ է սկսվել հիշյալ նախաձեռնությունը. սկզբնական օրերին Թուրքիայի նախագահը դեմ չարտահայտվեց այս նախաձեռնությանը, նա դեմ խոսեց միայն երկրի վարչապետի ու արտգործնախարարի` իրեն ուղղված քննադատությունից հետո:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը` Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ այդ կառույցի գնահատականը հիմնված է ոչ միայն Հայաստանի կողմից պարտավորությունների չկատարման, այլեւ քաղաքական հաշվարկների վրա: Հակառակ դեպքում` Եվրախորհրդի անդամ մի շարք երկրների նկատմամբ եւս նման սանկցիաներ պետք է կիրառվեին. խոսքը վերաբերում է Թուրքիային, Ադրբեջանին եւ այլ պետությունների:

Կ.Մանոյանի կարծիքով` դա ճնշում է` Հայաստանի արտաքին քաղաքականությունը ԵԽ-ին հարմարեցնելու համար: Ըստ բանախոսի` Հայաստանի պատվիրակությանը քվեի իրավունքից զրկելը մեծ սխալ կլինի ԵԽԽՎ-ի կողմից: Իսկ թե ինչքանով է Հայաստանը կատարել Եվրախորհրդի պահանջները, Կ. Մանոյանը նշեց. «Կարելի էր ավելին կատարել, բայց թերացումն այնքան չէ, որ ձայնի իրավունքից զրկեն»:

«ԵՐԿԻՐ»